Վարչապետի աշխատակազմի 2026–ի բյուջեն նախորդ տարվա համեմատ կավելանա 1.5 միլիարդ դրամով։ Մասնավորապես, եթե 2025-ին այդ ծախսը կազմել է 24 միլիարդ 365 միլիոն դրամ, ապա 2026-ին նախատեսվում է 25 միլիարդ 800 միլիոն դրամ, հայտնում է Factor.am-ը։
Նշվում է, որ մասնավորապես, նշված գումարից 621 մլն 340 հազար դրամը հատկացվել է կառավարական առանձնատների սպասարկմանը, 27 մլն դրամ՝ «Քաղաքացու օր» տոնակատարությանը, 175 մլն դրամ՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը։
ՀՀ նախագահի աշխատակազմին 2026 թվականի բյուջեով 1 մլրդ 618 մլն դրամ է հատկացվելու։ Այս տարվա համեմատ բյուջեն նվազում մի քանի տասնյակ միլիոն դրամով։
Հաջորդ տարի 7 մլրդ դրամ կկազմի Ազգային ժողովի բյուջեն։ Այս տարվա համեմատ էական փոփոխություն չկա։ Խորհրդարանի բյուջեն նվազում է ընդամենը 72 մլն դրամով։
2026 թվականի ընթացքում անցկացվող ԱԺ ընտրությունների և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար էլ նախատեսվում է բյուջեից ծախսել 4 մլրդ 451 մլն դրամ։ 19․2 մլրդ դրամ էլ հատկացվելու է Արտաքին գործերի նախարարությանը։
Էական աճում է ԱԳՆ-ի բյուջեն, այն այս տարի 17 միլիարդ 441 միլիոն դրամ էր։
Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ է լինելու: պետական բյուջեի պակասուրդը 2026 թվականին նախատեսվում է 537 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի 4․5 տոկոսը։






