Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է։ Տնօրենը մեղադրվում է հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է, որ ՆԳՆ ոստիկանության հաղորդման հիման վրա սկսված վարույթով պարզվել է՝ տնօրենը խախտել է համայնքապետարանի հետ կնքված պայմանագրի պայմանները, որոնք արգելել են դպրոցի գույքը հանձնել երրորդ կողմին։ Նա թույլատրել է իր հորը, որը զբաղեցրել է մարզչի պաշտոն, զավթել դպրոցին անհատույց տրված 109.23 քմ մակերեսով շենքի գրեթե կեսը և այն 2024-ի հունիսից մինչև 2025-ի սեպտեմբերը որպես բնակարան վարձավճարով տրամադրել Հնդկաստանի քաղաքացիներին՝ առանց ստացված գումարը մուտքագրելու դպրոցի բյուջե։
Այս գործողությունների հետևանքով մարզադպրոցի աշխատակիցներն ու սաները զրկված են եղել տվյալ տարածքը նպատակային օգտագործելու հնարավորությունից։
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նույն պաշտոնատար անձը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին մարզադպրոցի մարզիկներից մեկին հրամանագրել է մարզիչ-մանկավարժի հաստիքին, սակայն վերջինս 2024-ի հոկտեմբերից մինչև 2025-ի մայիս չի կատարել մարզչական պարտականություններ։ Այնուամենայնիվ, այդ ամբողջ ընթացքում նրա անունով փոխանցվել է 310,660 ՀՀ դրամ աշխատավարձ։
Տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու, վստահված գույքի հափշտակության և նախնական համաձայնությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 1 միլիոն 210 հազար 660 դրամի վնասը լիովին վերականգնվել է։
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, իսկ դրա նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են վերահսկող դատախազին՝ հաստատման և դատարան ներկայացնելու միջնորդությամբ։






