AM
25 Սեպտեմբեր 2025 - 14:55 AMT

Առաքելյան․ Զերծ կմնանք ծայրահեղ քաղաքական շահարկումներից

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ Փարաքարի մշակույթի տան մոտ, որտեղ անցկացվում էր սեպտեմբերի 23-ին սպանված Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը, ասել է, որ իշխանությունների և իրավապահների շահերից է բխում, որ Մերձավանում տեղի ունեցած սպանությունը հնարավորինս շուտ բացահայտվի։

Անդրադառնալով ենթադրյալ քաղաքական շարժառիթներին՝ նա ասել է․ «Զերծ կմնանք ծայրահեղ քաղաքական շահարկումներից առնվազն հիմա։ Իրավապահ համակարգի և իշխանությունների պատասխանատվությունը նաև կայանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը և դրանով փարատեն որևէ կասկած, մտահոգություն և դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ», հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ սպանության զոհ է դարձել ոչ միայն Վալոդյա Գրիգորյանը, այլև նրա ընկերը՝ ՀՀ ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, ինչը պարտավորեցնող հանգամանք է իրավապահների համար։ Ըստ Առաքելյանի՝ ոստիկանությունը պետք է բարձր պատասխանատվությամբ մոտենա նաև այս կողմին։

Ի պատասխան այն հարցին՝ արդյոք իրավապահ համակարգը մեղավորություն կրո՞ւմ է կատարվածի համար, Առաքելյանը նշել է, որ համակարգն ունի պատասխանատվություն հանցագործությունների կանխման գործում։ Նա ընդգծել է, որ երկրում ապօրինի զենքի լայն շրջանառությունը մնում է առանց պատշաճ հակազդման։

Սեպտեմբերի 23-ի երեկոյան, Մերձավանում՝ Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան բակում, դիմակավորված և ձեռնոցներ կրող անձը մոտեցել է երեք անձանց, կրակահերթ արձակել և փախել։ Կրակոցների հետևանքով զոհվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի գտնվել։ Վիրավորվել է նաև Արծրուն Գալստյանը, ում կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ուներ չորս զավակ։ Նա ընտրվել էր Փարաքարի համայնքապետ 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններով՝ գլխավորելով «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի կազմում էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։