AM
26 Սեպտեմբեր 2025 - 06:11 AMT

Փաշինյանը՝ Պուտինին․ Փնտրում ենք ՀՀ համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը նշել է, որ հարաբերությունները լավ են զարգանում։

«Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք ֆորումի ընթացքում, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է: «Ռոսատոմն» այժմ աշխատում է այդ ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար Ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է:

Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք: Մեր վիճակագրական տվյալներով` Հայաստանի հետ 2024 թվականին 11․7 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է: Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով: Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել, ամեն դեպքում շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում: Եվս մեկ անգամ բարի գալուստ»,- ասել է ՌԴ նախագահը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ «Համաշխարհային ատոմային շաբաթ» ֆորումին հրավիրելու համար և ընդգծել է, որ ատոմային էներգետիկայի դերը անընդհատ աճում է, դառնալով գլոբալ էկոլոգիական լուծումներից մեկը։

Նա ասել է, որ փնտրում են ՀՀ համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումին հրավիրելու համար: Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն դրանցով կիսվելու համար: Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է և ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա:

Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարևոր է: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ և աշխատում ենք ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով: Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ:

Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ:

Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են: Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը, ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին»,–ասել է նա։

Փաշինյանը Մոսկվա է մեկնել՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին, որը նվիրված է եղել ատոմային էներգիայի զարգացմանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսսին, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին և Ուզբեկստանի փոխվարչապետ Ժամշիդ Խոջաևը։