AM
26 Սեպտեմբեր 2025 - 07:35 AMT

Աբրահամ Գասպարյանը քաղաքական գործունեություն կսկսի

Լրագրող, վերլուծաբան և հաղորդավար Աբրահամ Գասպարյանը հայտարարել է, որ հեռանում է մեդիատիրույթից և քաղաքական գործունեություն կսկսի:

«Այսուհետ եթերում կլինեմ բացառապես հյուրի կարգավիճակում։ Այսօր կդադարեցնեմ քաղաքագիտական, վերլուծական, եթերային աշխատանքս և կանցնեմ բեկումնային և տասնապատիկ կարևոր գործի»,- հայտարարել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ այժմ պետք է գործով մասնակցել պետական զարգացման գործընթացներին՝ անցնելով խոսքերից գործի։

«Գիտակցում եմ պատասխանատվության ծանր բեռը։ Խոսելու ժամանակն անցել է, ժամանակն է անցնել գործի։ Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանր վիճակը, այսօրվանից հայտ եմ ներկայացնում և մտնում քաղաքական իրական գործընթացների մեջ։ Կուսակցություն չեմ ստեղծելու, բոլորը գիտեն, որ գաղափարական առումով ազգային պետականամետ դաշտում եմ, վաղվանից կսկսեմ քննարկումները՝ բացառելով որևէ գործակցություն իշխանության, նրա արբանյակների, կամ նրանց իշխանության բերածների հետ»,- ասել է Աբրահամ Գասպարյանը։

2026–ի հունիսին ՀՀ–ում կայանալու են խորհրդարանական ընտրություններ։