Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 76-ամյակին նվիրված ընդունելության ընթացքում, որը տեղի է ունեցել Չինաստանի դեսպանատանը, ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը։
Նա նշել է նաև, որ Հայաստանը ցանկություն է հայտնել առավել սերտ կապեր հաստատել Շանհայի համագործակցության կազմակերպության հետ՝ ելնելով նրա հիմնարար արժեքներից։
«Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը՝ հիմնված փոխըմբռնման և փոխվստահության բարձր արժեքների վրա: Գոհունակությամբ եմ ցանկանում նշել, որ 2025 թվականը, ինչպես և նախորդող տարիները, Հայաստան-Չինաստան բազմաոլորտ համագործակցության տեսանկյունից եղել է դինամիկ տարի, որը նշանավորվել է ինչպես բարձր մակարդակի երկկողմ փոխայցելություններով, այնպես էլ՝ դրանց արդյունքում գրանցած առարկայական արդյունքներով»,- իր ելույթում նշել է փոխվարչապետը:
Ամփոփելով ելույթը՝ Խաչատրյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու խորացնել և ամրապնդել Հայաստանի ու Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ երկկողմ բարեկամությունը կշարունակի զարգանալ ի շահ երկու ժողովուրդների:
Հայաստանը ՇՀԿ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել, սակայն վերջին գագաթնաժողովի ժամանակ Պակիստանը վետո էր դրել անդամակցությանը, իսկ Հնդկաստանը արգելափակել է Ադրբեջանի մուտքը կազմակերպություն։






