ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Այդ մասին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ առաջիկա ընտրությունները չեն դիտարկվում իբրև ինքնանպատակ միջոց, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Ստեղծել ժողովրդի համար այլընտրանքային մի քաղաքական ուժ, որը հիմնված կլինի թե՛ ծրագրային պլատֆորմի վրա, և թե՛ կապահովի այնպիսի համախմբում, որ Հայաստանում հնարավոր լինի ծավալել համաժողովրդական շարժում։ Սա գլխավոր նպատակն է»,- թվարկել է ՀԱԿ փոխնախագահը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը կդառնա այդ համախմբման առանցքը և կմասնակցի՞ ընտրություններին, Զուրաբյանը հիշեցրել է ուժի պատմական դերը՝ Հայաստանի անկախության հաստատումից մինչև հետագա քաղաքական գործընթացներում ակտիվ ներգրավվածություն։
«Բնականաբար, մենք բոլորս ունենք պատասխանատվություն։ Տեր-Պետրոսյանը՝ որպես հիմնադիր նախագահ, նույնպես ունի պատասխանատվություն այն ամենի համար, ինչ կատարվել է, որովհետև Հայաստանի հետագա ղեկավարները շեղվեցին այն գծից, որը նա նախատեսում էր խաղաղության հաստատման առումով՝ ուժի դիրքերից խաղաղության հասնելու ճանապարհով։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ խեղճ վիճակում է հայտնվել մեր երկիրը, ինչքան ծանր պարտությունների ու կորուստների բովով է անցել։ Այս պայմաններում ո՛չ հիմնադիր նախագահը, ո՛չ էլ այն քաղաքական ուժը, որը նա ղեկավարում է, չեն կարող անտարբեր մնալ»,- շարունակել է Զուրաբյանը։
Զուրաբյանի համոզմամբ՝ ներկայում քաղաքական դաշտում բացակայում է այնպիսի ուժ, որը սեփական ռեսուրսներով կարող է ձևավորել համաժողովրդական շարժում։ Նա վստահեցրել է, որ ՀԱԿ-ը չի ձգտում ամեն ինչ կենտրոնացնել միայն իր շուրջ, և բաց է գործակցելու համար։
«Համագործակցությունը պետք է կառուցվի իրատեսական և պրագմատիկ քաղաքական սկզբունքների վրա։ Խոսքը վերաբերում է ոչ թե այն կեղծ խաղաղությանը, որը երկիրը հասցրել է այսօրվա վիճակին, այլ իրական ծրագրի, որի հիմքում դրված է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։ Այդ ծրագիրը պետք է ապահովի ոչ միայն կայուն խաղաղություն, այլև Հայաստանի տնտեսական զարգացումը։ Երևանը Մեղրիով կապող երկաթուղու կառուցման, մալուխային կապի ստեղծման, ավտոմոբիլային ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտություն պետք է լինի։ Այս ամենին պետք է գումարվեն տեխնոլոգիական լուրջ նախաձեռնություններ։ Առանց նեղ ոլորտներում ու խորշային տեխնոլոգիաներում առաջնային դիրքեր գրավելու, Հայաստանը չի կարող ապահովել իր կայուն տեղը համաշխարհային տնտեսական արևի տակ»,- ավելացրել է Զուրաբյանը։
Նա կարևորել է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը՝ նշելով, որ ներկայում Հայաստանի ներքաղաքական զարգացումները հակառակ ուղղությամբ են ընթանում՝ սահմանափակելով ժողովրդավարության հնարավորությունները։
Հայաստանի Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։






