Սեպտեմբերի 27-ին՝ Ս. Գևորգ զորավարի տոնի կապակցությամբ, Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի կբերվի սրբի մասունքը։ Այն կտեղափոխվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմը։
Ժամը 10:30-ին եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ։
«Քանի որ այս տարի տոնը համընկել է 2020 թ. 44-օրյա պատերազմի տարելիցի հետ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ Ս. Գևորգ եկեղեցում Ս. Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հանուն հայրենիքի նահատակված մեր հայրենակիցների ու համերկրացիների»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։






