ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանական ծախսերի «կրճատումը» չի ազդելու մեկնարկած որևէ դրական բարեփոխման վրա:
«Պաշտպանական բյուջեի, ձեր ձևակերպմամբ՝ «կրճատման» վերաբերյալ, … վարչապետն ԱԺ ամբիոնից հանգամանալից ներկայացրել է, իսկ ամենից կարևորը, որ մեկնարկած որևէ բարեփոխում չի կանգնեցվելու և իր տրամաբանական ավարտին է հասցվելու»,- ասել է փոխնախարարը, հայտնում է ՍիվիլՆեթը։
ՀՀ պետական բյուջեի 2026-ի նախագծի համաձայն՝ հաջորդ տարի պաշտպանության ոլորտին նախատեսվում է հատկացնել 560 միլիարդ դրամ։ Սա շուրջ 100 միլիարդ դրամով պակաս է, քան 2025-ի համար նախատեսված գումարը։ Համեմատության համար՝ 2025-ին բյուջեն կազմել է 660․9 միլիարդ դրամ։
Սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել էր ծախսերի հնարավոր նվազումը։ Վարչապետի խոսքով՝ 2025-ին պաշտպանական ծախսերում արձանագրվել է կտրուկ աճ՝ պայմանավորված հրատապ կարիքներով։
«Մենք իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր և այդ ծախսերի մի մասը մենք ուղղել ենք ապագա պատքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Այսինքն՝ այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը, այն որ մենք պետք է, ասենք՝ 2030 կամ 2035 թվականին մարեինք, մենք հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազենցնենք, բայց ոչ միայն»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026-ի պաշտպանական ծախսերը ունեն բնականոն աճ 2024-ի նկատմամբ։






