AM
26 Սեպտեմբեր 2025 - 11:28 AMT

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

2500 մետր բարձրության վրա մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գործարար, բարերար, ԱԺ նախկին պատգամավոր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նախաձեռնության առաջին մասնակիցներն են մշակույթի և արվեստի ճանաչված գործիչները

«Այս նախաձեռնության առաջին մասնակիցներն են մշակույթի և արվեստի ճանաչված գործիչները, որոնց է վերապահվել պատվավոր առաքելությունը՝ առաջինը բարձրանալ լեռան գագաթ և իրենց ներկայությամբ խորհրդանշել կառուցման գործընթացի ազգային արժեքը։

Նրանք այն նույն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ «Ես Կամ» նախագծի միջոցով իրականացրել են մեր փոքրիկների երազանքները։ Այսօր նույն հավատով ու նվիրումով նրանք իրենց քայլով միանում են նաև այս համազգային նախաձեռնությանը՝ ապագա սերունդներին փոխանցելով ազգային վերածննդի և ներքին համերաշխության ուղերձը։

Թող Աստված պահապան լինի մեր հայրենիքին և ժողովրդին»,-մանրամասնել է նա»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ ցանկացած մարդ, հնարավորություն կստանա մասնակցելու շինարարական աշխատանքներին, կկարողանա մի ծառ տնկել, մի դույլ հող բերել, մի քար դնել, կարողանա աղոթքը շուրթերին, երազանքը մտքում՝ որևէ աշխատանք կատարել։

Համաձայն նախագծի՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը կտեղադրվի Հատիսի գագաթին։ Համալիրը կունենա 3 հարթակ, որտեղ նախատեսված են սրճարան, այցելուների սպասարկման հատված, ցուցասրահ և սանհանգույցներ։

Բոլոր հարթակները իրար միացված են աստիճաններով ու թեքահարթակներով՝ հասանելիություն ապահովելու համար։

Կառույցը լինելու միաձույլ երկաթբետոնից և երեսպատվելու է տրավերտինե սալերով։ Նախագծով նախատեսվում է նաև կառուցել 1300 մետր երկարությամբ ճոպանուղի՝ դեպի Քրիստոսի արձան և հետադարձ ուղղությամբ։