AM
26 Սեպտեմբեր 2025 - 11:47 AMT

Արմավիրում պաշտոնանկ է արվել քրեական ոստիկանության մարզային ղեկավարը

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Սա իրավապահ համակարգում կատարված արդեն երկրորդ պաշտոնանկությունն է սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում տեղի ունեցած սպանությունից հետո։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ աշխատանքից ազատվել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը։

Սեպտեմբերի 23-ի գիշերը՝ Մերձավանի տարածքում, Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետևում, դիմակավորված ու ձեռնոցներով զինված անձը մոտեցել է կանգնած երեք անձանց, կրակահերթ արձակել և հեռացել է։ Արդյունքում սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի գտնվել։ Եվս մեկ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը, ստացել է հրազենային վնասվածք, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ուներ չորս զավակ։ Նա ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար՝ 2025 թվականի մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում։ Գլխավորել է «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի կազմում եղել է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։