AM
26 Սեպտեմբեր 2025 - 11:53 AMT

Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցել է «Պատիվ ունեմին»

Ազգային ժողովում ընթացող «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենք լիովին համակարծիք են հայտարարության մեջ ներկայացված փաստերի, հանգամանքների և հիմնավորումների հետ և երկայացրել է «Հայաստան» խմբակցության ու դաշինքի դիրքորոշումը՝ նախագծի, դրանից բխող անվստահության գործընթաց սկսելու վերաբերյալ։

Նա «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցել է «Պատիվ ունեմին», հայտնում է Panorama.am-ը։

Սաղաթելյանն ընդգծել է, որ իրենք վերահաստատում են դիրքորոշումն այն մասին, որ «Նիկոլ Փաշինյանի կառավարության շրջանում բազմաթիվ անգամ խախտվել է մեր երկրի սահմանադրական կարգը, Փաշինյանը գործել է պետական դավաճանության հատկանիշներով, Փաշինյանին պաշտոնազրկելու իրավաքաղաքական հիմքերն անհերքելի են»։

«Մեր դիրքորոշումը նախագծին կողմ է, հանձնաժողովի նիստում, Ազգային ժողովի լիագումար նիստում կողմ ենք քվեարկելու»,- ասել է Սաղաթելյանը։

Նա նշել է, որ իրենց պատկերացմամբ իշխանափոխության հասնելու ճանապարհը հենց իմպիչմենտն է, սակայն մինչ այժմ հարցը ԱԺ օրակարգ չի մտել, քանի որ ընդդիմադիր պատգամավորների ստորագրությունները բավարար չեն եղել՝ գործընթացն ԱԺ օրակարգ բերելու և հաջողելու համար։

Սաղաթելյանը նշել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ու ՀՀԿ-ն ստանձնել են քաղաքական պատասխանատվություն՝ հայտարարելով գործընթաց սկսելու մտադրության մասին։ Ինքը տեղեկացրել է, որ հանդիպումից հետո «Հայաստան» խմբակցությունը հրապարակել է իր ստորագրությունները՝ արձանագրելով միացումը գործընթացին։ Նպատակն է՝ կենտրոնանալ իշխանական պատգամավորների վրա՝ ապահովելու ստորագրությունների անհրաժեշտ քանակը։

Սակայն, ըստ նրա, անցած երեք-չորս ամիսների ընթացքում գործընթացը չի առաջացել, այդ թվում այն պատճառաբանությամբ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն ստորագրել այն ձևաթղթով, որը ներկայացրել է «Պատիվ ունեմը»։

«Հետևաբար, հաշվի առնելով նոր իրողությունը, ես մեր խմբակցության պատգամավորների 3 ամիս առաջ ստորագրված ստորագրությունները կփոխանցեմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ կցելու այդ գործընթացին, ֆիքսելու, որ մեր ստորագրություններ կային ինչպես երեք ամիս առաջ, այնպես էլ հիմա։

Եթե դա չբավարարի ու ֆիքսվի, որ դա տեխնիկական խնդիր է, այս ստորագրությունները կտեղափոխվեն նաև այն ձևաթղթի տակ, որը ներկայացնում է «Պատիվ ունեմ» խմբակցությունը»,- հայտարարել է Սաղաթելյանը։

Նա հավելել է, որ ակնկալում են ողջամիտ ժամկետում հավաքել պակասող ստորագրությունները և ԱԺ դահլիճում գործնականում մեկնարկել իմպիչմենտի գործընթացը՝ իրենց լիակատար աջակցությամբ։

«Ակնկալում եմ գործնական լուծումներ, առաջարկներ, անելիքներ ու նաև ճանապարհային քարտեզ»,- նշել է Սաղաթելյանը։

ԱԺ նիստերի դահլիճում ընթանում է «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը։

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը: