AM
26 Սեպտեմբեր 2025 - 12:32 AMT

ՀԱԿ-ը չի միանա ոչ Քոչարյանի, ոչ Սարգսյանի ղեկավարած ուժերին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն Ազգային ժողովում ընթացող լսումների ժամանակ հայտարարել է, որ ՀԱԿ-ը չի միանա ոչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ոչ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերին։

«Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ», հայտնում է Radar Armenia-ն։

Նա, անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու հիմքերին, նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման տարիները գնահատում է որպես աղետալի, հատկապես անվտանգության ոլորտում։

«Ես հիմա չեմ ուզում անդրադառնամ ներքին կառավարման բնագավառում նրա բոլոր ձախողումներին։ Նրա գլխավոր հանցանքը ժողովրդի առջև այն է, որ կործանեց անվտանգության համակարգը»,-ասել է նա։

Զուրաբյանը նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչու ընդդիմադիր շարժումներին չի հաջողվում հեռացնել գործող իշխանությանը, չնայած բազմաթիվ փորձերին։ Նա պատճառը համարել է վստահելի և նոր առաջնորդության բացակայությունը։

«Ինձ համար այդ հարցը պարզից էլ պարզ է՝ մեր ժողովուրդը չի ցանկանում շնից փախչել, գայլի բերանն ընկնել։ Մինչև ինքն իր առաջ չտեսնի լուրջ առաջնորդություն, համաժողովրդական շարժում, որոնց լիդերներին վստահում է, որոնք ունեն Հայաստանի վերափոխման լրջագույն ծրագիր ու տեսլական, ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի դեմ ոտքի չի կանգնի։ Այսինքն՝ գլխավոր բանալին հենց համաժողովրդական շարժման ստեղծումն է»,–ասել է նա։

Զուրաբյանը վստահեցրել է, որ իրենք նման շարժման ծրագիր ունեն՝ ընդգծելով արտաքին աշխարհաքաղաքական բաղադրիչը։

«Մեր՝ իրական խաղաղության հաստատման ծրագիրը պետք է իր մեջ ներառի ԲՐԻՔՍ երկրների ներգրավմամբ Երևանը Մեղրիին կապող երկաթուղու կառուցումը, որը Հայաստանը կազատի Ադրբեջանից միակողմանի կախվածությունից, կդնի տարածաշրջանում իսկական աշխարհաքաղաքական բալանսի վրա հիմնված խաղաղության հիմքերը»,–ասել է նա։