AM
26 Սեպտեմբեր 2025 - 13:33 AMT

ՀՀ–ում երեխաներ ունենալու զույգերի ցանկությունը նվազում է

Սեպտեմբերի 26-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հակաբեղմնավորման միջոցների վերաբերյալ իրազեկման միջազգային օր։ Այս նախաձեռնության հիմնական նպատակը չնախատեսված հղիությունների, հղիության արհեստական ընդհատումների և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածման նվազեցումն է՝ հատկապես երիտասարդների շրջանում, որոնց մոտ հակաբեղմնավորման թեման բարձր պահանջարկ ունի։

Համապատասխան տեղեկացվածության ապահովումը հենց այս տարիքում մեծ նշանակություն ունի, քանի որ սեռական և վերարտադրողական վարքագծի ընտրությունը կարող է անդրադառնալ ողջ կյանքի վրա։ Հայաստանում այս հարցը նույնպես ակտուալ է, քանի որ սեռական կյանքով ապրող զույգերի զգալի մասը տեղեկացված չէ հակաբեղմնավորման բոլոր հասանելի եղանակների մասին, իսկ հղիության ընդհատումների թիվը շարունակում է մնալ բարձր։ Ավելին, շատերի համար թեման շարունակում է մնալ ամոթալի ու խուսափելի, ինչը բարդացնում է այն քննարկելու հնարավորությունը թե՛ զուգընկերոջ, թե՛ մասնագետների հետ, հայտնում է ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնը։

Նշվում է, որ ներկայում աշխարհում վերարտադրողական տարիքի կանանց և նրանց զուգընկերների մոտավորապես կեսն է օգտվում հակաբեղմնավորման միջոցներից՝ 1970-ականների մեկ երրորդի համեմատ։

The Lancet ամսագրում հրապարակված տվյալների համաձայն, հակաբեղմնավորման միջոցների կիրառման նախընտրած մեթոդները տարբեր երկրներում և տարածաշրջաններում տարբեր են։ Օրինակ՝ Հարավային Ասիայի որոշ շրջաններում տարածված է կանանց ստերիլացումը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան զարգացող երկրներում՝ ներարգանդային միջոցների օգտագործումը, իսկ ենթասահարյան Աֆրիկայում՝ իմպլանտներն ու ներարկումները, որոնք ներդրվել են միջազգային կազմակերպությունների միջոցով։ Չնայած տղամարդկանց ստերիլացումը համարժեք արդյունավետություն ունի, նրա գլոբալ կիրառման մակարդակը կազմում է ընդամենը 2.8%, մինչդեռ կանանց մոտ այդ ցուցանիշը հասնում է 26.6%-ի։

Երկարաժամկետ մեթոդներն ավելի հաճախ ընտրում են ամուսնացած զույգերը կամ նրանք, ովքեր հստակ չեն ցանկանում երեխաներ ունենալ։ Նման մեթոդներն են ներարգանդային պարույրները, ներարկումները, իմպլանտները և կանանց ստերիլացումը։ Փոխարենը, երիտասարդներն ու չամուսնացած անձինք հակված են կարճատև միջոցների՝ հաբերի կամ պահպանակների կիրառմանը։

Հակաբեղմնավորման համաշխարհային օրվա նախաձեռնության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ յուրաքանչյուր հղիություն պետք է լինի ցանկալի։ Դրա համար կարևոր է բարձրացնել հանրային իրազեկվածությունն ու մարդկանց տրամադրել վստահելի տեղեկատվություն՝ ճիշտ ու գիտակցված որոշումներ կայացնելու համար։

Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ զույգերը վերջին տարիներին ավելի քիչ պատրաստակամություն են ցուցաբերել երեխաներ ունենալու հարցում, սակայն հակաբեղմնավորման ժամանակակից միջոցների վերաբերյալ իրենց իրազեկվածության մակարդակը մնացել է ցածր։

«ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն 2023թ.-ին կանանց շրջանում հակաբեղմնավորիչների օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալն է. 2023թ.-ի տվյալներով տարեվերջին ներագանդային պարույր ունեցել են 4389 կին, որը 1000 ֆերտիլ տարիքի կնոջ հաշվով կազմում է 6.3: Նշենք, որ տվյալ ցուցանիշը 2000թ.-ին կազմելէ 15.4, 2005թ.-ին 8.3, 2010թ.-ին 6.5, 2015թ.ին 8.5, 2020թ.-ին` 8.2: Ցուցանիշներից կարող ենք վստահաբար ենթադրել, որ հակաբեղմնավորման այս մեթոդի կիրառումը ակնհայտորեն նվազել է, որը կարող է ինչպես ծնելիության բարձրացման համար դրական առաջընթաց հանդիսանալ, այնպես էլ մեթոդի կիրառման փոխարինում այլ միջոցներով, կամ այն օգտագործելուց խուսափելու պատճառ:

Նույն աղբյուրի համաձայն 2023թ.-ին կանանց թիվը Հայաստանում, ովքեր օգտվել են հորմոնալ հակաբեղմնավորիչներից որպես հակաբեղմնավորման միջոց, կազմել է 1938 կամ 2.8 1000 ֆերտիլ տարիքի կնոջ հաշվով: Հատկանշական է, որ նույն ցուցանիշը 2000թ.-ին կազմել է 34.7, 2005թ.-ին 4.1, 2015թ.-ին 4.7, 2020թ.-ին 6.6: Այստեղ նույնպես դիտվում է նվազման միտում շուրջ 12.4 անգամ` 2000 թվականի համեմատ և մոտ 2.4 անգամ 2020թ.-ի համեմատ:

Ցավոք, այս նույն ժամանակահատվածում ` 2023թ.-ին, ՀՀ-ում գրանցվել է հղիության ընդհատման 10.666 դեպք, որից 8921-ը առանց վակուում ասպիրացիայի և դեղորայքային ընդհատման միջոցների: Հղիության ընդհատումներից 1739-ը եղել են ինքնաբեր (սպոնտան), 5603-ը արհեստական-թույլատրված, 1579-ը արհեստական-բժշկական ցուցումով: 1543 ընդհատում կատարվել է դեղորայքի միջոցով, 202-ը վակուում ասպիրացիայի մեթոդով:

Ելնելով վերոնշյալ վիճակագրությունից կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում ընտանիքի պլանավորման հիմնական ձևը հղիության արհեստական ընդհատումն է, այլ ոչ թե հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը»,- նշվում է հրապարակման մեջ։

Արևմտյան Եվրոպայում առավել տարածված են կարճաժամկետ հակաբեղմնավորման միջոցները։ Իսկ Լատինական Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ավելի խառը պատկեր է՝ օգտագործվում են ինչպես երկարատև, այնպես էլ կարճաժամկետ մեթոդներ։ Միացյալ Նահանգներում, օրինակ, հակաբեղմնավորման որևէ ձև կիրառում է վերարտադրողական տարիքի կանանց շուրջ 61%-ը, ինչը փոքր-ինչ զիջում է Նիդեռլանդների (63%), Իռլանդիայի (65%), Նոր Զելանդիայի (65%) և Բրազիլիայի (67%) ցուցանիշներին։

Այս տարբերակված պատկերն ընդգծում է նաև ավանդական ու պակաս հուսալի մեթոդների տարածվածությունը որոշ երկրներում։ Օրինակ՝ Աֆղանստանում ընդամենը 20% կանանց է օգտվում ժամանակակից մեթոդներից, իսկ Նիգերիայում՝ 14%։ Ընդհատված սեռական ակտը, օրացուցային մեթոդները կամ կրծքով կերակրումը դեռ շատ տարածված են զարգացող տարածաշրջաններում։

Բացի ծնելիության վերահսկման հնարավորությունից, հակաբեղմնավորիչները կարևոր դեր ունեն սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանելու գործում։ Պահպանակների չկիրառումը բարձրացնում է ոչ միայն հղիության, այլև լուրջ առողջական խնդիրների՝ այդ թվում՝ մահացու հիվանդությունների առաջացման ռիսկը երկու սեռերի համար։

Հակաբեղմնավորիչ հաբերի վաճառքի կարգավորման համաշխարհային տվյալները ցույց են տալիս, որ զարգացած երկրներում դրանց ձեռքբերման համար հիմնականում պահանջվում է դեղատոմս, սակայն գործնականում այն հասանելի է նաև առանց դեղատոմսի։

Ընտանիքի պլանավորման հաջողությունը մեծապես կախված է ժամանակակից մեթոդների վերաբերյալ տեղեկացվածությունից ու դրանց մատչելիությունից՝ ներառյալ որակյալ ծառայությունների, միջոցների առկայության և ֆինանսական ու տեխնիկական միջոցների հասանելիության մակարդակից։