Մերձավանում Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալված անձ կա։ Այդ մասին 24news-ի հետ զրույցում հայտնել է քրեական ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
«Կա ձերբակալված անձ։ Բազմաթիվ օպերատիվ հետախուզական, քննչական միջոցառումներ ենք իրականացրել։ Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է», – նշել է Վարդանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա ընդգծել է նաև, որ կատարվածը որևէ քաղաքական դրդապատճառ չունի։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Նարեկ Օհանյանի տանը։ Դա երևում է նաև լրագրող Լիա Սարգյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։
Նարեկ Օհանյանը հանդիսանում է Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին և այս տարվա փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։
Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավան գյուղում, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան ետնամասում, դիմակավորված և ձեռնոցներով անձը մոտեցել է երեք անձանց, կրակահերթ արձակել և դիմել փախուստի։
Այդ միջադեպի արդյունքում սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականություն չի կատարել։ Տեղում վիրավորում է ստացել նաև քաղաքացի Արծրուն Գալստյանը։






