ԱԺ-ի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ընթացքում «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կարող ենք այս պահին արձանագրել, որ իմպիչմենտի նախաձեռնությունը 34 ստորագրություն արդեն ունի, սա մեծ քայլ առաջ է գործընթացի համար, հայտնում է Aysor.am-ը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցվել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ վարչապետի իմպիչմենթի նախագծին կցելու համար։
«Չեմ կարողանում իմ հուզմունքը զսպել, շնորհակալություն բոլոր այն պատգամավորներին՝ անուն առ անուն, ովքեր միացան։ Ես հույս ունեմ, որ նաև հնարավորություն կունենանք ընդհանուր ճակատով ուս ուսի տված իրական կռիվ տալու։ Ընդդիմության ներսում այլևս թեժ անհասկացվածության որևէ առիթ չկա այս պահի դրությամբ, արձանագրենք լավ լուր, որ ընդդիմությունը գործի օրակարգի շուրջ միասնական է, որը պետք է փայփայենք, ուժեղացնենք, վերջնական արդյունքի հասնելու համար»,-աել է նա։
Նարեկ Մալյանը նաև ներկայացրել է իմպիչմենտի գործընթացի ճանապարհային քարտեզը։ Ըստ նրա՝ առաջին քայլը խորհրդարանական ընդդիմության միասնական ճակատի ձևավորումն էր, ինչը արդեն արձանագրվել է։ Նրա խոսքով՝ երկրորդ քայլը արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի համախմբումն է։
«Ձևավորել մեկ միասնական ճակատ՝ ընդդեմ հայրենիքը հանձնողների։ Փաշինյանի՝ որպես «Կաշեյ բեսմերտնիի մահը» ընդդիմության կոնսոլիդացիայի մեջ է և նաև առանց հանրային և համազգային մեծ ընդգրկվածության է ինքը դատարպարտված։ Բայց մենք այսօր ականատես եղանք երեք կետերից առաջինի իրականացմանը, պետք է աշխատենք երկրորդ և երրորդ կետերին ուղղությամբ»,–ասել է նա։
Մալյանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ապահովել նաև 36 ձայն, սակայն ընդգծել է, որ գործընթացում «պակասող ձայների» մասին խոսք լինել չի կարող։
«Եթե նույնիսկ 36-ը լինի, անմիաստ է մտնել, 3-օրյա ժամանակը վերցնել և փորձել ՔՊ-ականների հետ բանակցել և այս կողմ բերել։ Երբ կստեղծվի համազգայնության վիճակը, այդ ժամանակ էլ կանենք, իսկ դրա համար հիմա պետք է լծվենք գործի։ Սե՞նց բռնապետներ են կոնսերվա եղել»,-ասել է նա։
ԲՀԿ-ի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահություն է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ընթացքը կարող է իրական արդյունք տալ։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովում, երբ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել է «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որի շուրջ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ։
Նա հիշեցրել է, որ յոթ տարի առաջ՝ 2018 թվականին, դեռ որպես պատգամավոր խորհրդարանի դահլիճում նստած՝ չի հավատացել, թե Փաշինյանը կարող է դառնալ վարչապետ։ Բայց ընդամենը յոթ օրում երկրի ներսում ստեղծված քաղաքական իրադրությունն այդ հանգուցալուծման է բերել, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ես կարևորում եմ անվստահություն հայտնելու այս գործընթացը, որովհետև սա միակ գործուն օրակարգն է, որտեղ խաղի կանոնը չի թելադրում Նիկոլ Փաշինյանը», – հայտարարել է Զոհրաբյանը։
Նա ընդգծել է, որ այսօր Փաշինյանի անձին չի անդրադառնալու, քանի որ ըստ նրա՝ «այսօրվա դրությամբ նրա մասին ամեն ինչ արդեն ասված է», և այսօր վարչապետը բացահայտ ցուցադրում է, որ ամեն գնով պատրաստ է պահել իր իշխանությունը։
«Նիկոլն իր իշխանությունը պահելու смертник է», – ասաց նախկին պատգամավորը։
Զոհրաբյանն ավելացրել է նաև, որ պատրաստ է աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այն պատգամավորներին, ովքեր դարձել են թրաֆիքինգի զոհ։
«Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, նշել է, որ, չնայած մի շարք իրադարձություններ նախօրոք կանխատեսված են եղել, այդուհանդերձ, չի հաջողվել դրանց դեմն առնել, հայտնում է Panorama.am-ը։
Ըստ նրա, իմպիչմենտի գործընթացը բավականին ուշացած է, բայց միևնույնն է՝ եկել ու հասել են այս կետին։
«Այստեղ կա խնդիր՝ ո՞նց է սա շարունակվում, ի՞նչ հիմնական ուղենիշներ են դրվում այս գործընթացը շարունակելու համար», – ասել է Բեքարյանը։
Նա կարևորել է, որ խորհրդարանական ընդդիմադիր հիմնական ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, այս գործընթացն առաջ տանեն համատեղ և համակարգված ձևով՝ ընդգծելով, որ հանրությունը պետք է տեսնի այդ համախմբումը։ Նրա խոսքով՝ առանց հասարակության մասնակցության, չի կարող ակնկալվել դրա լիարժեք ներգրավվածություն ու աջակցություն։
Բեքարյանը դիմել է երկու ընդդիմադիր խմբակցություններին կոչով՝ համակարգել գործողությունները սեփական համակիրների ու գործընկեր լրատվամիջոցների հետ այնպես, որ բոլորը միաժամանակ մեկ ուղերձով հանդես գան։
Նա ընդգծել է, որ ժամանակն է անցնել գործողությունների ծրագրի մշակմանը՝ նպատակ ունենալով հասնել իրական արդյունքների։
«Շտապեք ճանապարհային քարտեզով, որ հանրությունը զգա՝ պրոցեսը միս ու արյուն է ստանում»,–ասել է նա։
ԱԺ նիստերի դահլիճում ընթանում է «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը։
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը:






