ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիրների՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը հակընդդեմ առաջարկ է հնչեցրել։
«Առաջարկում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հայտարարեն, որ դուրս են գալիս քաղաքականությունից, որպես երկար տարիներ ՀՀ-ն կեղեքած կոռուպցիոն համակարգի հիմնադիրներ ու ղեկավարներ, նաև՝ ընտրակեղծարարներ։ Առաջարկում եմ, որ ՀՅԴ-ն ինքնալուծարվի, որովհետև դա մի կուսակցություն էր, որ 004 շրջաբերականով ֆիքսել է՝ նպատակն է ՀՀ անկախությունից հրաժարվելը»,-ասել է նա, հայտնում է Radar Armenian-ն։
Այն հարցին, թե իրենք այդ դեպքում կհեռանա՞ն, Ռուբինյանը պատասխանել է՝ ոչ։
«Ոչ։ Մենք իշխանությունից կհեռանանք այն ժամանակ, երբ ժողովուրդը կասի, որ այլևս չի ուզում, որ մենք լինենք իշխանություն։ Դրա մեխանիզմը հայտնի է՝ ընտրություններն են»,–ասել է նա։
ԱԺ նիստերի դահլիճում ընթանում է «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը։
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը:






