AM
27 Սեպտեմբեր 2025 - 06:40 AMT

Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սամարայում

«Red Wings» ավիաընկերության Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ արտակարգ վայրէջքի պատճառը տեխնիկական խնդիրն է, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ըստ «Փաստինֆոյի»` վթարի մասին լուրը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում, ոմանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադը։ Մինչ բժիշկների ժամանելը տուժածներին առաջին օգնություն է ցուցաբերել ինքնաթիռում գտնվող բժիշկը։

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի՝ WZ-1347 չվերթն իրականացնող ինքնաթիռը Երևանում պետք է վայրէջք կատարեր սեպտեմբերի 26-ին՝ 22։40-ին, սակայն ավելի ուշ ասվել է, որ վայրէջքը նախատեսված է սեպտեմբերի 27-ին՝ 03։55-ին։

Ավելի ուշ Red Wings-ից տեղեկացրել են, որ Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ուղևորները Հայաստանի մայրաքաղաք են ժամանել պահեստային ինքնաթիռով։

Ավիաընկերությունը բացատրել է, որ սկզբնական ինքնաթիռը Սամարայում վայրէջք է կատարել ինքնաթիռի երեք հիդրավլիկ համակարգերից մեկը վերահսկող համակարգում ցուցիչ լույսի պատճառով։