AM
27 Սեպտեմբեր 2025 - 07:09 AMT

Մաթևոսյանը Նյու Յորքում քննարկել է COP17-ի կազմակերպման հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում անցկացված հանդիպման շրջանակում հանդիպել է Եվրոպական միության շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալին։

Քննարկման առանցքում եղել են առաջիկա COP17 համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցերը և փոխգործակցության հնարավոր ուղղությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է կողմերի համաժողովների համադրման կարևորությունը՝ անդրադառնալով նախորդ COP-երի փորձին և տարբեր միջազգային տարբեր կառույցների ներգրավմամբ ձևավորվող սիներգիաներին։

Նախարարն առանձնահատուկ շեշտադրել էճիշտ մոտեցումների և արդյունավետ մեթոդաբանությունների կիրառման անհրաժեշտությունը՝ նպատակային և շոշափելի արդյունքների հասնելու համար։

Քննարկվել են նաև COP17-ի կազմակերպչական գործընթացը, սպասվող աշխատանքները և նախապատրաստական քայլերը՝ արդյունավետ և համակարգված ընթացք ապահովելու նպատակով։

Կարևորվել են շահակիցների հետ շարունակական կապի պահպանումը և համատեղ իրազեկման արշավների իրականացումը, ինչը մեծապես կնպաստի հանրային ներգրավվածության և տեղեկացվածության բարձրացմանը։

Նախարարը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ սերտ համագործակցությամբ շարունակել աշխատանքը կայունության ապահովման, բնապահպանական քաղաքականությունների արդյունավետ իրագործման և կլիմայական մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։

ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։