ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և իր գործընկեր պատգամավոր Ագնեսա Խամոյանը այցելել են ԱԱԾ մեկուսարանում պահվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դանիելյանը։
«Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ: Մեզ պատմեց իր հոգևոր ծառայությունից ուշագրավ դրվագներ: Երկու ժամ տևած տեսակցությունն անցավ ակնթարթի պես:
Ամեն անգամ նորովի ենք բացահայտում Շիրակի թեմի առաջնորդին:
Տոկուն, ժուժկալ, ազնվական. այսպիսի հատկանիշներով կարելի է բնորոշել նրան:
Գտնվելով անազատության մեջ՝ Սրբազանն իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը՝ հատկապես հայկական և արտասահմանյան գրականությանը:
Բոլոր իշխանությունների օրոք՝ սկսած խորհրդայինից, Միքայել Աջապահյանը աչքի է ընկել իր սուր քննադատություններով: Հատկանշական է, որ ճաղերի ետևում հայտնվեց իրեն «ժողբաստիոն» հռչակած այս իշխանության օրոք և հրահանգով:
Ցավոք, փակ են տեսակցությունները Բագրատ Սրբազանի պարագայում:
Մի բանում վստահ ենք. անհնար է ընկճել այսպիսի հոգևոր առաջնորդներին: Մեր երկու Սրբազանները խղճի և հավատի բանտարկյալներ են:
«Ասացեք արդարին, թե իր համար լավ է լինելու, քանի որ իր գործերի պտուղն է ուտելու»,-գրել է պատգամավորը։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։






