AM
29 Սեպտեմբեր 2025 - 06:39 AMT

Միրզոյանը վստահեցրել է Բերբոքին, որ ՀՀ–ն շարունակում է աջակցել ՄԱԿ-ին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Անալենա Բերբոքի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջազգային համակարգում ՄԱԿ-ի դերի, բազմակողմ փոխգործակցության ամրապնդման և այդ ուղղությամբ առկա մարտահրավերների հարցերը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ բազմակողմանի համագործակցության համար այս բարդ ժամանակներում Հայաստանը շարունակում է սատարել Միավորված ազգերի կազմակերպությանը, նրա Կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքներին և աջակցում է 2030 թվականի օրակարգի իրականացմանը։

Նախարար Միրզոյանը և Գլխավոր ասամբլեայի նախագահը կարևորել են Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի և եռակողմ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը։