«Ստենտ՝ կյանքի համար» ծրագիրն ընդլայնվել է։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Սրտի համաշխարհային օրվա կապակցությամբհղած իր ուղերձում։
Նա նշել է, որ դեռ պլանային ստեդավորման հնարավորությունը գործում է միայն սոցիալական խմբի շահառուների համար։
«Ինչպես խոստացել էի սրտամկանի սուր ինֆարկտի «Ստենտ կյանքի համար» ծրագիրն ընդլայնել ենք:
Հատկապես կյանք փրկող ծրագրերի բարելավումն ու ընդլայնումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է:
Փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու:
Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել (վիրահատվել) պետական պատվերով, եթե նրանց կլինիկական, բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին:
Պետք է նշեմ, որ դեռ պլանային ստեդավորման հնարավորությունը գործում է միայն սոցիալական խմբի շահառուների համար: Մեր նպատակն է, որ հաջորդիվ այս մասով ևս ընդլայնվի հնարավորությունը:
Իսկապես, բավարարված եմ զգում, երբ մեզ հաջողվում է ներդնել կամ ընդլայնել պետական որևէ ծրագիր, որն հատկապես ուղղված է կյանքը փրկելուն և դա հնարավոր է միայն մեր բոլորի վճարած հարկերի շնորհիվ»,–ասվում է ուղերձում։
Միայն 2024–ին «Ստենտ` կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է։






