AM
29 Սեպտեմբեր 2025 - 07:58 AMT

Դատարանը վարույթ է ընդունել Արցախի նախագահի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ–ի

Վարույթ է ընդունվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անունից ներկայացված հայցադիմումը ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ՝ զրպարտության հերքման պահանջով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Ավելի վաղ Երիցյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիր՝ որպես այդպիսին, կայացված համարվել չի կարող, քանի որ այդպիսի լիազորություն Արցախի նախագահը չունի, երկրորդ՝ նման հրամանագիր կայացված լինելու պարագայում էլ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված կարգով իրավական ուժ չի ստացել, որովհետև պաշտոնական տեղեկագրում չի հրապարակվել։

Նա նաև նշել էր, որ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը հատուկ նման խոսակցություններից խուսափելու նպատակով երկրորդ հրամանագիրն էր կայացել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը կամ եթե կուզեն ընդունել՝ հրամանագիրը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։