Հոկտեմբերի 1-ին, «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում նախատեսվում է անցկացնել «Հառիճի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդես։
«Եվրոպական ժառանգության օրեր 2025»-ը անցկացվելու է «Ժառանգություն և ճարտարապետություն. պատուհաններ՝ դեպի անցյալ, դռներ՝ դեպի ապագա» խորագրի ներքո։
Ցուցահանդեսում ներկայացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հավաքածուում պահվող հնագիտական գտածոներ Հառիճի տարածքից, ինչպես նաև ազգագրական արժեքավոր նմուշներ, հայտնում է ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը։
Ցուցադրության առանցքում լինելու է Հառիճավանքը՝ որպես միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոն։ Այցելուները հնարավորություն են ունենալու դիտել վանական համալիրի արխիվային լուսանկարները, ճարտարապետական չափագրությունները և վերականգնման աշխատանքների վերաբերյալ վավերագրերը։
Բացի իր ճարտարապետական և հոգևոր նշանակությունից, Հառիճավանքը ճանաչվել է նաև որպես կրթական հաստատություն։ Հատուկ ուշադրություն է հատկացվելու Կոմիտասի գործունեությանը, ով գտնվելով Հառիճավանքում, գրի է առել 34 նոր երգ։ Դրանցից մի քանիսը ցուցահանդեսի բացման օրը կատարելու է Երևանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» ուսանողական երգչախումբը։
Ցուցահանդեսի նպատակն է վերարժևորել Հառիճի նշանակությունը՝ որպես հայկական ազգային ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության պահպանման առանցքային օջախ։






