AM
29 Սեպտեմբեր 2025 - 10:11 AMT

Լարված վիճակ և քաշքշուկ ՊՆ մոտ․ Ոստիկանները փորձում են հեռացնել անհետ կորածների հարազատներին

Պաշտպանության նախարարության մուտքի հատվածում լարված իրավիճակ է առաջացել։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են նախարարության վարչական համալիրի դարպասների մոտ՝ պահանջելով հանդիպում ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

Մի քանի ծնող ներսում է։ Բայց քանի որ ծնողները հրաժարվում են հեռանալ դարպասների մոտից, մեծ թվով ռազմական ոստիկաններ ու ոստիկաններ են բերվել նախարարության մոտ, որոնք շրջապատել են ծնողներին։

Ծնողները փակել են անցագրային կետի դարպասները և հրաժարվում են բացել։

Ծնողներն ասել են, որ սեպտեմբերի 29–ին նախատեսված է եղել հանդիպում Գլխավոր շտաբի պետի հետ, սակայն չնայած այն հանգամանքին, որ նրանք ժամը 11։00-ից ՊՆ տարածքում են եղել, որևէ պաշտոնյա չի հանդիպել իրենց, հայտնում է «Փաստինֆոն»։

Հարազատները փորձել են մուտք գործել տարածք՝ պնդելով, որ ցանկանում են բոլորը մասնակցել հանդիպմանը, չնայած ՊՆ-ից նախապես հայտնել են՝ պատրաստ են ընդունել միայն սահմանափակ թվով անձանց։

Նրանցից մեկը դժգոհել է՝ ասելով. «Վախենում է հելնի ժողովրդի մոտ»։

Անձնակազմը հորդորել է հարազատներին լքել անցակետի տարածքը և միևնույն ժամանակ արգելել է լրագրողներին տեսանկարահանում իրականացնել նախարարության ներսում։

Մայրերից մեկը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ դեռ շաբաթ օրը, երբ ծնողները պահանջել են հանդիպել ԳՇ պետի և ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ, ՊՆ-ից հավաստիացրել են, որ կընդունեն 30 ծնողի։

«Թույլիկ մորքուրները ոնց պատերազմ են թողել՝ փախել, նույն կերպ ծնողից փախան, խույս են տալիս հանդիպումից»,–ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Մյուս ծնողներից մեկը հավելել է. «Խոստացել էին, բայց այդպես էլ չկատարեցին խոստումը, ինչպես միշտ՝ ծնողը միշտ խաբված է»։

Երբ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու չեն ցանկանում հանդիպել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի հետ, մի կին պատասխանել է. «Ուր է էնտեղ մարդ, իմաստ չեմ տեսնում նրա հետ հանդիպման»։

Սեպտեմբերի 27–ին անհետ կորածների ծնողները կրկին հավաքվել էին ՊՆ շենքի առջև՝ հանդիպում պահանջելով գերատեսչության պատասխանատուներից։ Ավելի ուշ նրանք տեղեկացրել են, որ նախարարությունից խոստացել են՝ երկուշաբթի օրը նման հանդիպում կիրականացվի։