AM
29 Սեպտեմբեր 2025 - 10:37 AMT

Երևանում գրիպի դեմ պատվաստվելու շրջիկ կենտրոններ կգործեն

Հոկտեմբերի առաջին շաբաթվանից Երևանում գրիպի դեմ պատվաստվելու շրջիկ կենտրոններ կգործեն։

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման վարչության ղեկավար Զարուհի Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում դրանցից մեկը մշտապես տեղակայված է լինելու Կենտրոն վարչական շրջանում, իսկ մյուսը կշարժվի Երևանի մյուս վարչական շրջաններում։

Նրա խոսքով՝ սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է տարվա 40-րդ շաբաթից, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության դեպքերն աճել են 1.4 անգամ նախորդ շաբաթվա համեմատ, սակայն նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 1.1 անգամ նվազում։ Նվազում է նկատվել նաև հոսպիտալացման դեպքերում։

Զարուհի Գրիգորյանի տեղեկացմամբ՝ վարակվածների 78 տոկոսը մինչև 18 տարեկան անձինք են, իսկ հոսպիտալացվածների 90 տոկոսը՝ նույն տարիքային խմբից։

ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սվետլանա Գրիգորյանը տեղեկացրել է, որ վերջին 2-3 շաբաթների ընթացքում հանրապետությունում մեկնարկել է գրիպի դեմ պատվաստումների գործընթացը։

Նրա խոսքով՝ ներկա պահին համակարգում առկա պատվաստանյութի քանակը բավարար է՝ ամբողջ երկրի պահանջարկը հոգալու համար։ Ամեն տարի մոտ 200 հազար դեղաչափ գրիպի դեմ պատվաստում է իրականացվում, և այս տարի նույնպես նկատվում է ակտիվ հետաքրքրվածություն։

«Խմբաքանակը համապատասխանում է հանրապետության պահանջարկին, և համակարգն ունի բավարար քանակություն, որպեսզի ապահովի աճող պահանջարկը։ Յուրաքանչյուր տարի մոտավորապես 200 հազար դեղաչափ գրիպի դեմ պատվաստումներ են իրականացվում, ու այդ միտումն ակտիվանում է. այս տարի էլ հետաքրքրվածություն կա»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ արդեն օգտագործվել է բաշխված պատվաստանյութերի մոտ 20 տոկոսը։ Ըստ նրա՝ գրիպի դեմ պատվաստումը կարելի է անցկացնել զուգահեռ այլ պլանավորված պատվաստումների հետ, իսկ հետպատվաստումային արձագանքները համարժեք են մյուս պատվաստումների դեպքում արձանագրվող երևույթներին։

«Պատվաստանյութն առաջնային տրամադրվում է ռիսկի խմբերին` 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, հղիներ, 65 տարեկանից բարձր անձինք, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուներ և աշխատակիցներ, զորակոչի ենթակա անձինք և բուժաշխատողներ»,- նշել է նա։

Զարուհի Գրիգորյանը հավելել է, որ պատվաստումից կարող են օգտվել նաև օտարերկրյա քաղաքացիները, քանի որ քաղաքացիության կամ գրանցման առկայությունը պարտադիր պայման չէ։