Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տոյու Օանան անդրադարձ է կատարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը։ Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այս հանդիպման մասին հրապարակում է արել X միկրոբլոգում, հայտնում է Արմենպրեսը։
«Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեցի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ռումինիան շարունակում է վճռականորեն հանձնառու լինել Հայաստանի կայունությանը, դիմադրողականությանը և ժողովրդավարական զարգացմանն աջակցելուն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք տարածաշրջանային խաղաղությունը, երկխոսությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,-իր գրառման մեջ նշել է Ռումինիայի ԱԳ նախարարը։
Տոյու Օանան իր գրառման մեջ շեշտել է, որ ակնկալում է Հայաստանի և Ռումինիայի միջև ձևավորել ամուր ու գործնական գործընկերություն՝ ի շահ երկու պետությունների և ողջ հարավկովկասյան տարածաշրջանի։
«Ամուր կերպով աջակցում եմ Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ ի շահ տարածաշրջանային կայունության, խաղաղության և բարգավաճման»,-ասված է Տոյու Օանայի գրառման մեջ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






