AM
29 Սեպտեմբեր 2025 - 13:10 AMT

Մեղադրողը պահանջել է Միքայել սրբազանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը միջնորդել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։

«Քննարկվող դեպքում մեղադրյալին մեղսագրվում է դիտավորությամբ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված միջին ծանրության հանցագործության կատարում։ Ելնելով պատժի նպատակներն ապահովելու արդարացի նկատառումներից՝ միջնորդում եմ Միքայել Աջապահյանին նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվարկելով նաև նրա կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը»,-hայտարարել է Բաղդասարյանը, հայտնում է Արմենպրեսը։

Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին, ժամը 17։30-ին։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։

Աջապահյանը կալանավորված է հունիսի 28-ից և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։