ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով «Թրամփի ուղի» նախագծում ԵՄ-ի ներգրավվածության հնարավորության վերաբերյալ հարցին, ասել է, որ ընդգծելով, որ TRIPP-ը քննարկվում է ՀՀ–ԱՄՆ ձևաչափով։
«TRIPP–ը քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով: Կարող է ներգրավվել ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու ԱՄՆ-ն ձեռք կբերեն համաձայնություն»,-ասել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը։
Վարչապետը հավելել է, որ ԵՄ-ն Հայաստանի համար վստահելի գործընկեր է և իշխանությունները շահագրգռված են, որ նման վստահելի գործընկերների շրջանակը ընդլայնվի։
«Եվ մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն: Զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն են թեման քննարկում: Եվ երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում»,-նշել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից։
Նա ընդգծել է, որ թեև Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դեռևս առկա են լուրջ անելիքներ, իսկ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հակասում է խաղաղության կառուցման տրամաբանությանը։






