2025 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի հասցեին մուտքագրված հայտերի ընդհանուր թիվը կազմել է 58,933, որից 28,323-ը ներկայացվել են «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս տվյալները հրապարակել է աշխատակազմի քարտուղարության պետ Լիլիթ Յավրյանը՝ հավելելով, որ ընդհանուր թվից 142-ը ներկայում ժամկետանց են։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ գնահատականների հիման վրա գնահատվելու է կառույցների կատարողականը, ինչն ազդեցություն է ունենալու նաև խրախուսման կամ պատասխանատվության կիրառման վրա, հայտնում է Panorama.am-ը։
«Այսինքն մենք էլ հետևություն ենք անելու, թե որ վարչական շրջանը, մեր որ ստորաբաժանումը ինչպես է շփվում քաղաքացիների հետ և ինչպես է քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները լուծում»,- նշել է քաղաքապետը՝ հորդորելով բոլոր պատասխանատուներին ուշադիր լինել հարթակի արձագանքներին և իրենց գնահատականների նկատմամբ դրսևորել բարձր պատասխանատվություն։
Յավրյանը հայտնել է, որ տարեսկզբից մինչ սեպտեմբերի 26-ը ստացվել է 19,075 հայտ, որոնցից 18,200-ը գտնվում են «ավարտված» կարգավիճակում։ Դրանց վերաբերյալ քաղաքացիների կողմից տրված գնահատականների թիվը կազմում է 8,062։
«Դրանք ստացվել են քաղաքացիներից ի պատասխան այն հարցի, թե որքանով է արդյունավետ լուծվել ներկայացված խնդիրը»,-նշել է քարտուղարության պետը։
Ներկայացնելով 5 բալանոց գնահատման համակարգով ստացված արդյունքները՝ Յավրյանը նշել է, որ վարչական շրջանների ցուցանիշները տատանվում են։ Ամենաբարձր գնահատականը ստացել է Դավթաշեն վարչական շրջանը՝ 3.9, իսկ ամենացածրը՝ Նորք-Մարաշը՝ 2.1 և Նուբարաշենը՝ ընդամենը 2։
Մյուս վարչական շրջաններն ստացել են հետևյալ գնահատականները՝ Աջափնյակ՝ 3.8, Ավան՝ 2.9, Արաբկիր՝ 3.3, Էրեբունի՝ 3.4, Կենտրոն՝ 3.6, Մալաթիա-Սեբաստիա՝ 3.6, Նոր Նորք՝ 3.5, Շենգավիթ՝ 3.1, Քանաքեր-Զեյթուն՝ 3.1:
Քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներից որոշներն արձանագրել են բավականին ցածր ցուցանիշներ։ Մասնավորապես, հանրակրթության վարչությունը ստացել է 2.6, բնապահպանության վարչությունը՝ 2.8, իսկ հասարակական կարգի պահպանության ծառայությունը՝ ընդամենը 1.6։
Մյուս վարչությունների գնահատականներն են՝
- Ճարտարապետության և քաղաքաշինության՝ 3
- Առողջապահության՝ մոտ 4
- Առևտրի ծառայությունների և գովազդի՝ 4.1
- Կոմունալ տնտեսության՝ 3
- Մշակույթի և տուրիզմի՝ 3.5
- Շինարարության և բարեկարգման՝ 3.6
- Տրանսպորտի՝ 3.3
- Քաղաքաշինության և հողի վերահսկողության՝ 2.9
Ըստ Յավրյանի՝ առանձին կազմակերպություններ նույնպես տարբեր մակարդակի գնահատականներ են ստացել։ Դրանց թվում՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ՝ 2.8, «Երևան Տրանս» ՓԲԸ՝ 3.5, «Երքաղլույս» ՓԲԸ՝ 4.4, ԵԱՍՄ ՀՈԱԿ՝ 4.1, «Կենդանիների խնամքի կենտրոն»՝ 3.4, «Բնակչության հատուկ սպասարկում»՝ 4.8, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ»՝ 2.8, «Երևանի մետրոպոլիտեն»՝ 3.8, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»՝ 3.7, «Երևանի էլեկտրատրանսպորտ»՝ 4.6, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»՝ 2.9, «Վեոլիա ջուր»՝ 2.9, «Դավար»՝ 3.6, «Թելսել»՝ 3.5:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է տվյալներին՝ նշելով. «Որոշակի դրական բաներ լսեցինք և որոշակի մտահոգիչ բաներ լսեցինք։ Օրինակ, հասկանալի է, որ փոքր վարչական շրջաններում մի քանի ընդամենը վատ գնահատականը կարող է ամբողջ պատկերը փչացնել և այդտեղ մի փոքր, միգուցե դժվար լինի հստակ հասկանալ՝ արդյոք այս գնահատականին համապատասխան է, թե ոչ։ Բայց ուզում եմ շատ կարևոր մի բան ֆիքսենք, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակը ստեղծված է նրա համար, որպեսզի քաղաքացիները բարձրաձայնեն Երևան քաղաքում իրենց արձանագրած այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք և մենք պարտավոր ենք դա անել։ Այս գնահատականներն էլ ցույց են տալիս, թե մենք որքան լավ ենք կարողանում մեր քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները լուծել և որքան բավարարված են նրանք մնում մեր աշխատանքից»։






