AM
29 Սեպտեմբեր 2025 - 13:44 AMT

Փաշինյանն ու Ռուսոպուլոսը քննարկել են ՀՀ և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։

Կողմերն անդրադարձել են նաև ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխատակարգային կապերին, ինչպես նաև մոնիթորինգի ձևաչափերում համագործակցությանը։ Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։

Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռուսոպուլոսին բարձր մակարդակով կազմակերպված հյուրընկալության և մշտական աջակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը և դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։

Կողմերը վերահաստատել են երկխոսության շարունակականության և գործնական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր և նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը:

Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։ Այցի շրջանակում նա արդեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Հանդիպումներ են նախատեսված նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։