AM
29 Սեպտեմբեր 2025 - 13:53 AMT

Առաջարկվում է սահմանափակել բջջայինների օգտագործումը Երևանի դպրոցներում

Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ սահմանափակելու բջջային հեռախոսների և այլ թվային սարքերի կիրառումը դպրոցներում։ Այս հարցը քննարկվել է գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ծնողների մեծ մասն աջակցում և խրախուսում է նախաձեռնությունը։

Ըստ առաջարկի՝ 1-6-րդ դասարանցիներին արգելվելու է դասաժամերին, միջոցառումների և նույնիսկ դասամիջոցների ընթացքում ունենալ միացված հեռախոս, հայտնում է «Ազատությունը»։

Անհրաժեշտության դեպքում աշակերտը կարող է բերել այն դպրոց, սակայն դասի սկզբում կհանձնի դասղեկին և կվերցնի միայն ավարտին։ 7-12-րդ դասարանների համար նախատեսվում է սահմանափակված օգտագործման կարգ։ Սահմանափակումները վերաբերում են ոչ միայն հեռախոսներին, այլև պլանշետներին, խելացի ժամացույցներին և այլ թվային սարքավորումներին։

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի խոսքով՝ ծրագիրը նախնական փուլում կգործարկվի 15 դպրոցներում։ Առաջիկա 2 օրերին ծրագիրն արդեն կուղարկվի և տարեվերջին կգնահատվի աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշներն ու առաջադիմության որակը։

«Հնարավոր է, որ աշակերտները սկզբնական շրջանում դժգոհեն այս սահմանափակումներից, սակայն համոզված եմ՝ դրանք դրական ազդեցություն կունենան կրթության որակի, առօրյայի և նույնիսկ երեխաների երջանկության վրա», – հայտարարել է Տիգրան Ավինյանը։