AM
29 Սեպտեմբեր 2025 - 14:29 AMT

Գավառում կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը

Գավառում սեպտեմբերի 30-ին նախատեսվում է վերաբացել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը, տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։

Պատկերասրահի նախաձեռնած բանակցությունների արդյունքում Գավառ խոշորացված համայնքի ավագանին որոշում է կայացրել Կենտրոնական հրապարակ 3 հասցեում հատկացնելու 284․3 քմ զբաղեցնող երկհարկանի տարածք։ Տարածքը վերանորոգվել և արդիականացվել է Պատկերասրահի միջոցներով։

Նորաբաց Գավառի պատկերասրահը հանդես է գալու թարմացված ցուցադրությամբ։ Հիմնական հավաքածուից բացի՝ նախատեսվում է ժամանակավոր ցուցահանդեսների սկզբունքով հանրությանը ներկայացնել նաև ֆոնդերում պահվող, մինչ այդ չցուցադրված աշխատանքներ։ Ցուցադրության առանցքում լինելու են Սևանա լիճը և շրջակա բնությունը, գյուղական համայնքների կյանքն ու կենցաղային տեսարանները։

Վերաբացման միջոցառմանը նախատեսված է նաև կրթական ծրագրերի իրականացում՝ Գավառի գեղարվեստի դպրոցի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ներգրավմամբ։ Երեկոն կուղեկցվի «Մեղեդի» լարային քառյակի ելույթներով։

Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը բացվել է 1991 թվականին՝ ակադեմիկոսի արժեքավոր հավաքածուի հիման վրա։ Տասնյակ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ ու քանդակներ ներկայացնում են 20-րդ դարի հայ կերպարվեստի մեծանուն վարպետներին՝ Էդգար Շահին, Եղիշե Թադևոսյան, Հովհաննես Ալխազյան, Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Խաչատուր Եսայան, Մինաս Ավետիսյան, ինչպես նաև արտասահմանյան ճանաչված արվեստագետներ՝ Աննա Օստրոումովա-Լեբեդևա, Գեորգի Վերեյսկի և այլոց։