Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ սրբազանի ամբողջ դատական գործն ու հիմնական մեղքն այն է, որ նա Հայ առաքելական եկեղեցու հոգևորական է «և պետք է նրան որևէ կերպ պատժել»։
«Բոլորս ներկա ու ականատես եղանք, ցավով, իրական Հայստանի արդարադատության իրական իրականացմանը։ Նորից ցավով պիտի ասեմ, արդարադատություն, որն իրականացվում է իրական ավտոկրատիկ ռեժիմի ստեղծած մի մթնոլորտում, բնականաբար, որը վախի, կամակատարության, քմահաճույքի կատարման մթնոլորտ է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա հավելել է, որ ինչպես Մայր Աթոռի նախորդ հայտարարության մեջ նշել էին, որ չեն ընդունում Միքայել սրբազանի մեղքը, նույն կարծիքին են մնում։
«Դրանում համոզվեցի, որ մեղադրող կողմ միանգամից 2.5 տարի ազատազրկում պահանջեց։ Մեղադրողը որևէ անգամ չթերթեց քրեական գործի թղթերը։ Ինձ թվում է այդ թղթերից յուրաքանչյուրի վրա գրված է. «Մեղավոր է, և վերջ, ծունկի բերել, նստացնել»։ Ցավում եմ, որ մենք այսօր կանգնած ենք նման իրականության առաջ իրական Հայաստանում»,-ասել է Նաթան սրբազանը։
Նա հավելել է, որ դատավորն ու հանրային մեղադրողն ունեն զավակներ և աղոթել է, որ նրանց երեխաները երբեք չբախվեն նման անարդարության։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը միջնորդել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին, ժամը 17։30-ին։
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։






