AM
29 Սեպտեմբեր 2025 - 14:53 AMT

Փաշինյան․ Փարաքարում տեղի ունեցածը հարցեր է բարձրացնում, այդ հարցերն ինձ էլ են անհանգստացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Փարաքարում տեղի ունեցած իրադարձություններին՝ բարձրացնելով հարցեր դատական համակարգի անկախության և իշխանության հնարավոր միջամտության սահմանների վերաբերյալ:

«Փարաքարում տեղի ունեցածը հարցեր է բարձրացնում, բնականաբար, այդ հարցերն ինձ էլ են հետաքրքրել և անհանգստացրել»,- ասեկ է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Փաշինյանը հիշեցրել է այս տարվա փետրվարին Փարաքարում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում մեկ մարդ զոհվել է: Նա նշել է, որ գործով կա 14 մեղադրյալ, դատական գործընթացն ընթանում է, իսկ որոշ մեղադրյալներ գտնվում են ազատության մեջ կամ տնային կալանքի տակ:

«Մյուս կողմից՝ մենք անընդհատ քննարկում ենք, թե ինչքանով մեր բանտերը պետք է ծանրաբեռնված լինեն: Դեպքեր ունենք, որ երբ հանցագործություններ են կատարում մարդիկ, որոնք դատարանում այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են: Մեր քննչական մարմիններն էլ, ոստիկանությունն էլ շատ հաճախ բարձրաձայնում է այդ հարցը, ասում է՝ այն, որ խափանման մեղմ միջոցներ են կիրառվում, այդ մարդիկ գալիս, հանցագործություն են կատարում, ինչո՞ւ պետք է պատասխանատվությունը լինի միայն ոստիկանության վրա, իսկ ում մասով չարդարացված (ինչպես հետագայում պարզվում է), մեղմ խափանման միջոցներ են ընտրում, իրենք չպետք է պատասխանատվություն կրեն»,-ասել է նա։

Նա հավելել է, որ կա նաև ուրիշ խնդիր՝ ընկալման հարց։

«Մեր ավանդական ընկալումն այն է, որ եթե մարդը բանտում է, ուրեմն ինչ-որ պրոցես կա, կամ եթե ազատության մեջ է, այսինքն՝ ֆիզիկապես քայլում է, ուրեմն՝ վերջ: Սա էլ արդարադատության ստանդարտի հարց է, մենք պետք է հասկանանք՝ ինչքան և ինչ դեպքերում ենք մարդկանց ուզում կալանքի տակ պահել, և որ դեպքերում է, որ կարելի է նաև այլընտրանքային միջոցներ ձեռնարկվեն:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք, բայց առանցքում պետք է լինի ժողովրդավարությունը, որովհետև մի կողմից ասում են՝ սա բռնապետություն է, այս իշխանությունը բանտերը լցնում է մարդկանցով, մյուս կողմից ասում են՝ ամենաթողություն է, ազատության մեջ են: Հասկանո՞ւմ եք՝ սրանք շատ լուրջ դիլեմաներ են»,- ասել է նա:

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։