AM
29 Սեպտեմբեր 2025 - 14:59 AMT

Փաշինյան․ Համոզված եմ՝ 2026-ին ժողովուրդը ՀՀ կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում լրագրողների հետ զրուցում վստահություն է հայտնել, որ 2026-ի ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման իրենց տված մանդատը երկարացնելու է։

«Ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա պարզաբանել է, թե ինչու է այդպես մտածում։

«Որովհետև այս քաղաքականությունը՝ խաղաղության օրակարգը, որը մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։

Ժողովուրդն իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026 թվականին խորհրդարանական հերթական ընտրություններին ու պատմականորեն չի կարող այլ բան տեղի ունենալ, քան խաղաղության օրակարգի հաղթանակի վերահաստատումը»,–ասել է նա։

Նրա խոսքով, ներկայիս իշխանության և ժողովրդի կապը մնում է անբաժան ու խորը՝ որոշումները ոչ թե իշխանությունն է ընդունում, այլ ժողովուրդն է դրանք մշակում ու թելադրում։

«Մենք օրգանական կապով եք կապված մեր ժողովրիդ հետ, մենք չենք այս ամեն ինչը որոշում, մենք չենք այս ամեն ինչը որոշել, որոշել է ժողովուրդը և 2026-ին էլ որոշելու է ժողովուրդը։ Մենք այդ օրգանական կապով գիտենք, թե ինչ է որոշելու ժողովուրդը»,-ասել է Փաշինյանը։

ԱԺ ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։