Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով հանրային մեղադրողի կողմից սրբազանի նկատմամբ 2.5 տարվա ազատազրկում պահանջելուն, ասել է, որ բացառիկ բան է տեղի ունենում։
«Գիտե՞ք, բացառիկ բան է տեղի ունենում։ Պահանջել ազատազրկում, երբ այդ հոդվածը նախատեսում է հինգ տարբեր պատիժներ՝ տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում, որը ազատազրկման հետ կապ չունի, մինչև երկու ամիս ազատազրկում»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նրա խոսքով՝ օրենքը հստակ նշում է, որ խիստ պատիժ կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ ավելի մեղմ միջոցներով հնարավոր չէ հասնել պատժի նպատակներին։
«Սա նշանակում է, եթե կան ծանրացնող հանգամանքներ։ Մենք ներկայացրեցինք Վազգեն Մանուկյանի գործը, երբ դատարանը նշանակել է 400 հազար դրամ տուգանք, այդ ժամանակ կարճաժամկետ ազատազրկում, հանրային աշխատանք։ Հիմա ինչի՞ց որոշեց դատախազը, որ պետք է պահանջի ազատազրկում, այն էլ 2.5 տարի։ Ակնհայտ չէ՞, որ սա քաղաքական բնույթի հետապնդման շարունակությունն է, հանձնարարություն»,-ասել է պաշտպանը։
Սարգսյանը հավելել է, որ Միքայել սրբազանը, համոզված լինելով իր անմեղության մեջ, չի թույլատրել նույնիսկ մեղմացնող հանգամանքներ ներկայացնել դատարան, քանի որ որևէ հանցանք չի կատարել և որևէ բան չի հայցում դատարանից։
«Բայց մենք ներկայացրեցինք պրակտիկան, որ հետո չասեն, մենք չենք ուսումնասիրել փորձը։ Իրենց փոխարեն ամեն ինչ արել ենք, ներկայացրել»,- նշել է Երեմ Սարգսյանը։
Միքայել սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանն էլ, վկայակոչելով դատավորի կողմից թույլ տրված խախտումները, նշել է, որ դատարանի վարքագիծը խոսում է վախի և ճնշման տակ գործելու մասին։
«Ակնհայտ է, որ դատարանը կոմպրոմատի կամ ինչ-որ բանի պատճառով վախեցած է այս իշխանութունից, և անելու է այն, ինչ անում է»,–հավելել է նա։
Նա վստահեցրել է, որ անկախ դատարանի կայացրած որոշումից՝ այն անպայման բողոքարկվելու է։
«Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեն, քանի որ կա մեղադրական վերդիկտ, մենք բողոքարկելու ենք, քանի որ դա հակասում է ճշմարտությանը»,-ասել է Զոհրաբյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը միջնորդել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին, ժամը 17։30-ին։
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։






