AM
30 Սեպտեմբեր 2025 - 06:14 AMT

Գրիգորյանը՝ Ասադովին․ Հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունից

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՊՀ վարչապետների հերթական նիստին հեռավար մասնակցությամբ ելույթի ժամանակ, արձագանքելով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին, հորդորել է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից։

«Հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից»։ Երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն՝ ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը»,–ասել է նա։

Փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է նաև, թե առանց ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման ու արդյունավետ տրանսպորտային և հաղորդակցության լոգիստիկայի հնարավոր չէ հասնել կայուն և ամբողջական տնտեսական առաջընթացի։

«Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին», – նշել է նա։

Ելույթում փոխվարչապետը հայտնել է, որ 2025 թվականի առաջին կեսին Հայաստանի և ԱՊՀ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նա արձանագրել է, որ ցուցանիշներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոքր-ինչ նվազել են։ Այս ֆոնին նա շեշտադրել է տնտեսությունների արդիականացմանը, նորարարությունների ներդրմանը և համագործակցության խորացմանն ուղղված գործողությունների ծրագրի ժամանակին ընդունման անհրաժեշտությունը։

Ելույթի ավարտին Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԱՊՀ շրջանակում կառուցողական գործընկերության շարունակական խորացման և փոխշահավետ ու հեռանկարային նախագծերի կյանքի կոչման հարցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից։

Նա ընդգծել է, որ թեև Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դեռևս առկա են լուրջ անելիքներ, իսկ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հակասում է խաղաղության կառուցման տրամաբանությանը։