Վարշավայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի իր գործընկեր Կեստուտիս Բուդրիսը քննարկել են համագործակցության ընդլայնման նոր հեռանկարները։
Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան–Լիտվա գործընկերային հարաբերություններին՝ առանձնացնելով երկկողմ քաղաքական երկխոսության դրական ընթացքն ու այն հիմնող ընդհանուր արժեքների վրա կառուցված բարեկամական կապերը։
Միրզոյանn իր երախտագիտությունն է հայտնել Լիտվային՝ Հայաստանի ժողովրդավարական օրակարգին, դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության խորացման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵՄ շրջանակում սպասվող շփումներին, ինչպես նաև ոլորտային համագործակցության խթանման առկա մեխանիզմներին։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Կեստուտիս Բուդրիսը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ընթացիկ զարգացումների վերաբերյալ։ Լիտվայի արտգործնախարարը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
ՀՀ արտաքին գործերի նախարարը, իր հերթին, կարևորել է համաձայնեցված հիմնական սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների բացումը՝ նշելով, որ այդ ճանապարհով հնարավոր է բարձրացնել տարածաշրջանային փոխկապակցվածության մակարդակը։
Սեպտեմբերի 29-ին Վարշավայի անվտանգության ֆորումի մեկնարկին Արարատ Միրզոյանին ողջունել են նախագահ Կատաժինա Պիսարսկայան և ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկին։
Միրզոյանը հանդիպում է ունեցել Զբիգնև Պիսարսկիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Երևանյան երկխոսություն» ֆորումի և «Վարշավայի անվտանգության ֆորումի» միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։






