Հայաստանի ԱԳՆ–ն տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային փաստաթղթերի ուսումնասիրման աշխատանքները շարունակվում են, իսկ ընթացիկ զարգացումների մասին հանրությունը պատշաճ իրազեկում կստանա, տեղեկացնում է «Ազատությունը»։
Արդեն ավելի քան 9 ամիս է անցել այն օրվանից, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արտգործնախարարին գրանցել գերատեսչության արխիվում առկա բանակցային բոլոր փաստաթղթերը։
Նախքան այս հանձնարարությունը՝ Փաշինյանը հրավիրել էր բանավեճի Հայաստանի նախկին երեք նախագահներին, սակայն վերջիններս մերժել էին հրավերը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բանավիճելու փոխարեն առաջարկել էր հրապարակել Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած բոլոր խաղաղության ծրագրերը, ներառյալ՝ 2019 թվականի հունիսին ներկայացված տարբերակը, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական պատասխանները։ Նման պահանջներ կրկնել են նաև ընդդիմադիրները՝ արձագանքելով Փաշինյանի պնդումներին, թե «1994-ից, այսինքն՝ հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։
Ամիսներ անց Նիկոլ Փաշինյանը կրկին թարմացրել է նախկին ղեկավարների հետ բանավիճելու իր հրավերը, ի պատասխան Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Թող հրապարակի բոլոր փաստաթղթերը: Հրապարակի, արդեն վեճը վերջացած կլինի»:
Քաղաքական դաշտում առկա են տարբեր մեկնաբանություններ։ Ընդդիմադիրների մատնանշած 2019 թվականի տարբերակը, ըստ նրանց, տրամադրվել է հենց գործող իշխանության ժամանակ, ու այժմ, երբ Մինսկի խումբը այլևս չի գործում, չկա իրավական արգելք՝ այն հանրայնացնելու համար։ Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ քաղաքական կաշկանդվածություն չկա, սակայն փաստաթղթերը միայն Հայաստանին չեն պատկանում։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այդ տարբերակը բնութագրել է որպես շահավետ, պնդելով, որ այն հնարավորություն էր տալիս պահպանել Արցախի հայկական կարգավիճակը։ Իսկ իշխանության ներկայացուցիչները հակադարձում են՝ բանակցային բոլոր տարբերակները ենթադրել են Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ։
«Եթե այն իրագործվեր, մենք կունենայինք մի իրողություն, որ ընդամենը պետք է 5 շրջան հետ հանձնեինք Ադրբեջանին, և կնքվեր լիակատար խաղաղություն՝ խաղաղարար զորքերով, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման հարցը շաղկապվում էր Քելբաջարի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձի հետ: Սա մի փայլուն լուծում էր իրականում, որովհետև դա նաև դրդելու էր Ադրբեջանին, եթե նա ուզում էր Քելբաջարը ետ ստանալ, գնալ կարևորագույն զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում», – ասել է Զուրաբյանը։
Իսկ ինչ էր իրականում ամփոփված 2019-ի փաստաթղթում. մինչ պաշտոնական նյութը չի հրապարակվել, ՔՊ-ից պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ին ներկայացրել է դրա հիմնական կետերը. «Կետ առաջին՝ 5 շրջանի վերադարձ, կետ երկրորդ՝ կոմունիկացիները ապաշրջափակվում, կետ երրորդ՝ խաղաղապահներ են մտնում Լեռնային Ղարաբաղ: Միջազգային երաշխիքներ չէին, ռուսական երաշխիքներ էին»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պնդում է, որ այդ առաջարկը եղել է ՀՀ երրորդ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության ամփոփումը, սակայն կոնկրետ չեն պարզաբանում, թե ինչ ընթացք է ստացել Մինսկի խմբի առաջարկը՝ Փաշինյանի ղեկավարությամբ։ Լևոն Զուրաբյանը շարունակում է պնդել, որ իշխանությունը մերժել է այդ տարբերակը։
Իշխանության ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Արման Եղոյանը հերքում են մերժման փաստը՝ նշելով, որ ոչ մի առաջարկ իրենց կողմից չի մերժվել։
«Մենք մեր իշխանության օրոք չենք մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ առաջարկ, հետևաբար ամեն ինչ, որ ասում է սրան հակառակ, սուտ է», – նշել է Ռուբինյանը։
2019-ին, եթե ընդդիմության նշած ժամանակահատվածը ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն արդեն արել էր իր հայտնի հայտարարությունները, այդ թվում, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան:
Մինչ այդ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում անհասանելի է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը՝ վերնագիրը կա, բովանդակությունը՝ ոչ:
Դեռ 2024 թվականին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Բաքուն չի ընդունում ԱԳՆ կայքում առկա ձևակերպումը, ըստ որի՝ «Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է»։
Անցած տարի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Ազատությանը» հայտնել էր, որ բաժինը կայքից չի հանվել, և բովանդակությունը հասանելի կլինի «պատշաճ ժամկետներում»: Թե ո՞րն է այդ պատշաճ ժամկետը, խոսնակը չէր հստակեցրել։ Փաստն այն է, որ խափանումն արդեն մեկուկես տարուց ավելի շարունակվում է:






