ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիք կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել «Սյունյաց երկիր» թերթին։ Նա խոսել է «Թրամփի ուղու», ռուսական բազայի և ՀԷՑ–ի հետ կապված խնդիրների մասին։
Պատասխանելով այն հարցին, թե Սյունիքի հարավում նախատեսվող «Թրամփի ուղու» անցկացումն ինչպես է համադրվում այն հանգամանքի հետ, որ Հայաստանի և Իրանի սահմանը ըստ էության հանդիսանում է ԵԱՏՄ սահման և այս սահմանը պահպանվում է ռուսական սահմանապահ ուժերի կողմից՝ Կոպիրկինն ասել է, որ ՌԴ արտաքին քաղաքականության անփոփոխ առաջնահերթություններից մեկն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը։
Նա հիշեցրել է, որ ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ է, իսկ ՀՀ–Իրան սահմանին կանգնած են ռուս սահմանապահները։
«Մենք, բնականաբար, աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք ուղղված են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը։
Այսպես կորչված «Թրամփի ուղու» մասով՝ Ռուսաստանի դիրքորոշումը կհայտարարվի այն ժամանակ, երբ կունենանք ամբողջական պատկերացում տվյալ տրանսպորտային նախագծի իրականացման մեխանիզմների մասին։ Այդ ուղղությամբ, որքան որ մենք տեղեկացված ենք, համապատասխան աշխատանքը միայն սկսվում է։ Արդիական են առաքման և ուղևորափոխադրման ռեժիմների, երթուղիների անվտանգության ապահովման մանրամասները, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն։
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքներում անհրաժեշտ կլինի հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ինչպես նաև երկկողմ փաստաթղթերի հիման վրա ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստան–Իրան սահմանին։ Ավելացնեմ, որ ռուսական կողմը բաց է այս թեմաներով խորհրդակցությունների համար ինչպես հայ գործընկերների հետ, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում Թեհրանի»,–ասել է դեսպանը։
Լրագրողը, նշելով, որ եթե, ըստ ՌԴ պաշտոնյաների, 2020–2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ, հարցրել է, թե ինչպես են հակասող համաձայնագրերը՝ 2020 թ. նոյեմբերի 9‑ի Հռչակագիրը և 2025 թ. օգոստոսի 8‑ի Վաշինգտոնյան հռչակագիրը, միաժամանակ գործելու նույն տարածքում։
«Ցանկանում եմ հիշեցնել, որ մեր երկիրը և անձամբ նախագահ Պուտինը հիմք դրեցին հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացի համար։ 2020–2022 թվականների Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ համաձայնությունները ոչ միայն կանգնեցրին արյունահեղությունը հողի վրա, այլև սահմանեցին կարգավորման գործընթացի հիմնական ուղղությունները՝ ներառյալ խաղաղության պայմանագրի մշակում, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա, քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների զարգացում։
Այդ համաձայնությունների դրույթները այսօր էլ չեն կորցրել ակտուալությունը։ Ղեկավարներից ոչ մեկը հետ չի կանչել իր ստորագրությունը։ Ինչպես դրանք գործնականում կհամադրվեն 2025 թ. օգոստոսի 8‑ի Վաշինգտոնյան հռչակագրի հետ, դա քննարկման ենթակա խնդիր է ներգրավված կողմերի համար։ Մենք ելնում ենք նրանից, որ փոխհամաձայնելի լուծումներ կգտնվեն, որոնք կբխեն ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում Ռուսաստանի և Իրանի շահերից, որոնք ակտիվորեն համագործակցում են ԵԱՏՄ շրջանակներում։
Այս առումով ցանկանում եմ հիշեցնել տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակը, որում ընդգրկված են Հարավային Կովկասի երկրներն ու նրանց անմիջական հարևանները, և որի հարթակն ապահովում է թեմատիկ քննարկում տարածաշրջանային օրակարգի խիստ անհրաժեշտ հարցերի շուրջ։ Հուսով ենք, որ հայ և ադրբեջանական գործընկերներն առաջիկայում կորոշեն արտաքին գործերի նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումն ընդունելու հերթականությունը։
Դեսպանն անդրադարձել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին։
«Սկսեմ նրանից, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի գլխավոր արտաքին առևտրային և ներդրումային գործընկերը։ Տնտեսվարողները հաջողությամբ գործում են Հայաստանի տնտեսության համակարգային ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն, վառելիքաէներգետիկ համալիր, ատոմային էներգետիկա, տրանսպորտային լոգիստիկա, բանկային ոլորտ և այլն։ Ռուսական կապիտալով ընկերությունները հանդիսանում են Հանրապետության գլխավոր հարկատուները, և ակտիվ մասնակցություն ունեն սոցիալական նախագծերի ու ծրագրերի իրականացման մեջ։ Մենք ելնում ենք նրանից, որ հայկական գործընկերները, իրենց հերթին, հետաքրքրված են պահպանել և մեծացնել այդ վճռորոշ ներդրումը առեւտրա-տնտեսական համագործակցության մեջ Ռուսաստանի հետ՝ երկրի հարստացման և սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդման համար։
Դեսպանատունը և Ռուսաստանի առևտրական ներկայացուցչությունը սերտ կապի մեջ են տեղացի գործարարների, ինչպես նաև պատասխանատու պաշտոնյաների հետ Հայաստանից։ Դեռևս անհանգստացնող ազդակներ ռուսաստանցի տնտեսվարողներից չենք ստացել։ Ավելին, կա գործող մեխանիզմ՝ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը փոխվարչապետների մակարդակով, որի հարթակում քննարկում ենք տնտեսության մեջ կուտակված հարցերը կառուցողական մոտեցմամբ՝ բնորոշ մեր դաշնակցային հարաբերություններին»,–ասել է Կոպիրկինը։
Նա նաև պատասխանել է Գյումրիում տեղակայված 102–րդ ռուսական ռազմակայանի իրավական հիմքերի և գործող պայմանագրի ժամկետների մասին հարցին։
«102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց չկա երկկողմ օրակարգում։ Այդ մասին հստակ հայտարարում է նաև հայկական կողմը բոլոր մակարդակներով։ Ռուսական ռազմական ներկայությունը շարունակում է մնալ Հայաստանի անվտանգության համակարգի մի կարևոր բաղադրիչը և տարածաշրջանային կայունության նշանակալից գործոն։ Մեր զինվորները տարածաշրջանում ոչ մեկին չեն սպառնում։
ՀՀ տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին պայմանագիրը ստորագրվել է Մոսկվայում 1995 թ. մարտի 16-ին 25 տարի ժամկետով՝ ավտոմատ երկարացմամբ յուրաքանչյուր 5 տարին մեկ։ Հետագայում, 2010 թ. Երևանում մեր երկրները ստորագրեցին լրացուցիչ արձանագրություն, որը երկարացրեց Ռուսաստանի Զինված ուժերի զինծառայող կազմերի տեղակայման ժամկետը Հայաստանում մինչև 2044 թվական՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ երկարացնելու հնարավորությամբ։
Անդրադառնալով համաշխարհային լրատվամիջոցներում շրջանառվող այն թեզին, որ Ռուսաստանը դուրս է մղվում Հարավային Կովկասից՝ Կոպիրկինն ասել է, որ անհնար է անջատել ՌԴ–ն Հարավային Կովկասից։
«Դա թույլ չեն տա անել ոչ միայն աշխարհագրությունը, ընդհանուր պատմությունը, այն նաև Ռուսաստանի բազմաշերտ կապերը Անդրկովկասի երկրների հետ։ Սակայն առանձին արտաքին խաղացողներ նման անիմաստ երազներ հնչեցնում են՝ ընդամենը բացահայտելով իրենց հավակնություններն ու տարածաշրջանային իրողությունների թույլ ընկալումը։
Կրկնում եմ՝ Ռուսաստանի անբաժանելի կապը Հարավային Կովկասի հետ կանխորոշում է մեր կենսական հետաքրքրությունը տարածաշրջանում հաստատուն խաղաղության, կայունության, վերելքի և տրանսպորտային հնարավորությունների բացահայտման հանդեպ»,–ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպանը։






