Երևանի կենտրոնում սեպտեմբերի 29-ին ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել՝ վնասելով բաղդադե երկհարկանի շինություն։
Ստացված ահազանգի համաձայն՝ ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Պուշկինի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը գնահատվել է «1 ԲԻՍ» բարդության կանչով, ինչի հետևանքով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինները և բժշկական ապահովման հերթապահ ուժերը, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Հրդեհի բարդությունը հետագայում գնահատվել է «Թիվ 2» կանչի մակարդակով, ինչի հիման վրա դեպքի վայր են ուղարկվել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս հինգ մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բաղդադե կառուցվածք ունեցող շինության տարածքում՝ մոտ 525 քմ մակերեսով։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 30-ի կեսգիշերն անց՝ ժամը 00։26-ին, իսկ մարումը ավարտվել է ժամը 02։31-ին։
Տուժել են շինության տանիքը՝ մոտ 375 քմ տարածքով, ինչպես նաև մասամբ այրվել են ներսում գտնվող գույքն ու սարքավորումները։
Դեպքի վայրում հերթապահություն է իրականացրել երկու մարտական հաշվարկ՝ հրդեհի կրկնակի բռնկումը կանխելու նպատակով։
Հրշեջ-փրկարարների կողմից գործադրված արագ ու արդյունավետ քայլերի շնորհիվ հաջողվել է կանխել կրակի տարածումը շինության մյուս հատվածների վրա։
Դեպքի վայրում իրականացված աշխատանքներն ուղղակիորեն համակարգվել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի, ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի կողմից։






