ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որի համաձայն, արձանագրվեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն:
Սեպտեմբերի 29–ին տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել և ամփոփվել են կուսակցության խմբակցության կողմից նախաձեռնված վերջին խորհրդարանական լսումների արդյունքները։
«Արձանագրվեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն, ինչում իրենց կարևոր դերակատարությունն ունեն նաև արտախորհրդարանական ուժերը և գործիչները։
Ողջունվեց խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության որոշումն, այնուհանդերձ, միանալ տվյալ գործընթացին և ընդգծվեց համագործակցային ձևաչափով ընդդիմադիր գործընկերների հետ պրոցեսի ամենաարդյունավետ կազմակերպման համար ջանքերի մեկտեղման և կանոնավոր կոնսուլտացիաների անհրաժեշտությունը։
Կուսակցության ստորաբաժանումներին և տարածքային կառույցներին հանձնարարվեց ակտիվացնել տվյալ ուղղությամբ քարոզչական աշխատանքները տեղերում՝ մեր հայրենակիցների հետ»,–ասվում է հայտարարության մեջ։
«Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցվել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ վարչապետի իմպիչմենթի նախագծին կցելու համար։
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը:






