AM
30 Սեպտեմբեր 2025 - 09:07 AMT

Օսկանյան․ Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում կա

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է երկու կարևոր զարգացում արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ։

Նա նշել է, որ Ադրբեջանի հարձակումից Արցախի վրա, որն առաջացրեց նրա ամբողջ հայ բնակչության արտագաղթը, անցել է երկու տարի, և վերադարձի հարցը շարունակում է ստանալ անժխտելի միջազգային ընդգրկում։

«Ուզում եմ կիսել երկու կարևոր նորություն։

Վաշինգտոնում Պետդեպարտամենտը արձանագրել է առաջընթաց՝ ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար կարգավորման հիմքում ընկած երեք առաջնահերթություն․ Արցախի հայերի հայրենադարձության իրավունքը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը և հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X հարթակում հայտնել է, որ Պետդեպարտամենտը, արձագանքելով մի քանի շաբաթ առաջ մոտ 90 կոնգրեսականների կողմից պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակին, պարտավորվել է հետամուտ լինել այս խնդիրների լուծմանը։ Այս շրջադարձը արդյունք է ԱՄՆ Հայ Ազգային Կոմիտեի, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի, ինչպես նաև ամերիկահայերի ու նրանց դաշնակիցների համառ ջանքերի։ Բաքվի ժխտումների և Երևանի լռության ֆոնին ԱՄՆ-ն այժմ պաշտոնապես արտահայտվել է։ Այլևս խոսքը այդ սկզբունքների ճանաչման մասին չէ, այլ՝ դրանց իրագործման։

Միևնույն ժամանակ այսօր Ժնևում՝ Շվեյցարիայի Ազգային խորհրդի երկու անդամներ՝ Էրիխ Ֆոնտոբելը և Նիկոլա Վալդերը, մասնակցել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նիստի շրջանակում կազմակերպված մի հարակից միջոցառման, որը նախաձեռնվել էր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության կողմից և նույնպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի աջակցությամբ ու նպատակ ուներ առաջ մղել շվեյցարական խաղաղարար նախաձեռնությունը։ Խորհրդարանական մանդատով Շվեյցարիան այժմ պարտավոր է կազմակերպել խաղաղության ֆորում Ադրբեջանի և Արցախի ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ հստակ նպատակ ունենալով բանակցել տեղահանված հայերի հավաքական ու անվտանգ վերադարձի շուրջ։ Նրանց միացել էին Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և միջազգային ճանաչում ունեցող իրավաբան, Վաշինգտոնում տեղակայված Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խմբի (PILPG) նախագահ դոկտոր Փոլ Ուիլյամսը։ Նրանց ուղերձը հստակ էր․ Արցախի ժողովրդի իրավունքները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական շահերը, պետք է լինեն ցանկացած կարգավորման հիմքում»,–ասվում է գրառման մեջ։

Նախկին արտգործնախարարը ընդգծել է, որ նշված զարգացումները միակները չեն։ Նա հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել հայերի անվտանգ վերադարձը, իսկ Եվրոպական խորհրդարանը երկու բանաձևով վերահաստատել է նույն սկզբունքը։ Ֆրանսիայի խորհրդարանը երկու անգամ հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով, իսկ Բելգիան ու Շվեյցարիան՝ վերջինիս բացառիկ նախաձեռնությամբ, միացել են այդ դիրքորոշմանը։ Օսկանյանի համոզմամբ՝ այս բոլոր որոշումներն ու փաստաթղթերը հստակ վկայում են, որ վերադարձի իրավունքը վերածվել է միջազգային հանրության հստակ կամքի։

«Սա նշանակալի համընկնում է։ Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին էլ օրենսդիրները, դիվանագետներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հաստատում են պարզ ճշմարտություն․ ոչ մի խաղաղություն չի կարող կայուն լինել, եթե կառուցված է բնիկ ժողովրդի էթնիկ զտման վրա, ոչ մի պայմանագիր չի կարող արդար համարվել, եթե վերացնում է տասնյակ հազարավոր մարդկանց տուն վերադառնալու իրավունքը, և ոչ մի միջազգային կարգ չի կարող արժանապատիվ համարվել, եթե լռում է անօրինական կալանքի տակ պահվող գերիների ու մշակութային ժառանգության պղծման հանդեպ։

Ադրբեջանը, իհարկե, ամբողջությամբ մերժում է սա։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընտրել է այս հարցը լիովին անտեսելու ուղին՝ նախընտրելով փակել Արցախի էջը, քան պաշտպանել իր ժողովրդի իրավունքները։ Բայց այս դիմադրությունը՝ թե՛ Բաքվից, թե՛ Երևանից, չի կարող ջնջել ի հայտ եկող ընդհանուր համաձայնությունը։ Վերադարձի իրավունքը շարունակում է մնալ միջազգային օրակարգում»,–գրել է Օսկանյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։