AM
30 Սեպտեմբեր 2025 - 09:24 AMT

Բաքոյան․ Փաշինյանը կասի՝ ինչու է ՄԱԿ-ում «գերիի» փոխարեն ասում «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձինք»

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ասել «Երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձինք» և ոչ թե ուղղակի՝ «գերիներ և պատանդներ»։

«Երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձինք» արտահայտությունը ինքնին նշանակում է, որ մենք Բաքվում պահվող գերիներ ունենք։ Վարչապետի փոխարեն են չեմ կարող մեկնաբանություն տալ, բայց վստահ կարող եմ ասել, որ ինչ վերաբերում է գերիներին՝ մեր միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներին, բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր տարբերակներով մենք առաջինը խոսում ենք մեր գերիների մասին»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Բաքոյանը նաև արձագանքել է դիտարկմանը, թե արդյո՞ք խոսույթի փոփոխությունը հետքայլ կամ զիջում է։ Նա նշել է, որ նման տրամաբանություն չի տեսնում։

«Բոլոր դեպքերում ստացվում է, որ Բաքվում մեր հայրենակիցներն են, որոնք պետք է վերադառնան Հայաստան և որի մասին նաև վարչապետը ՄԱԿ ամբիոնից խոսել է»,–ասել է նա։

Լրագրողի հարցին՝ արդյոք օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի հայտարարություններում փոփոխություն նկատում է, Բաքոյանը պատասխանել է, որ «անկախ նրանից, թե նրանք ինչ հայտարարություն կանեն՝ մենք գնում ենք խաղաղության»։

«Այդ ճանապարհը հեշտ չի, այն սկզբունքները որ արձանագրվել են օգոստոսի 8-ի Խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ՝ դրանք խոսում են խաղաղության մասին»,–ասել է նա։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։