ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած միջադեպի մասին։
«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է ՔՊ վարչությանը 2024 թվականի մարտի 4-ին։ Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը։ Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու է իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում ներկայացրել»,– հայտարարել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։
Նա հավելել է, որ ինքը ևս 2024-ի ապրիլին դիմել է ՔՊ վարչությանը՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության, սակայն հարցը երկար ժամանակ չի քննվել։
«Քննարկվել է սեպտեմբերին»,– նշել է Սարգսյանը։
Պատգամավորն անդրադարձել է նաև ՔՊ-ի տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ իրեն երկու անգամ հրավիրել են քննարկման, սակայն ինքը չի ներկայացել։ Սարգսյանը սա հերքել է։
«Այդպես չէ, ես խնդրել եմ, որ հաղորդագրության մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել»,–նշել է նա։
ՔՊ-ն սեպտեմբերի 17-ին հայտնել էր՝ 2025 թվականի ապրիլին ՔՊ վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցել է կարգապահական վարույթ Հայկ Սարգսյանի նկատմամբ, որի արդյունքում վերջինիս տրվել է խիստ նկատողություն։






