AM
30 Սեպտեմբեր 2025 - 09:58 AMT

ՊՆ․ ԳՇ պետն ընդունել է քաղաքացիներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացրած քաղաքացիների վերաբերյալ տարածված տեղեկությունների վերաբերյալ:

Նշվում է, որ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է քաղաքացիներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ

«Իրավիճակին և տեղեկատվությանը չտիրապետող որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե, իբր, սեպտեմբերի 29–ին ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ Պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել:

Նշենք, որ ակցիայի անմիջապես մեկնարկին Պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ:

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել ԳՇ պետի և ԶՈւ-ից զորացրված մի շարք անձանց հետ:ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է քաղաքացիներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել:

«Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 29–ին 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են նախարարության վարչական համալիրի դարպասների մոտ՝ պահանջելով հանդիպում ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ: