ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը խորհրդարանում, դիմելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը, ասել է, որ պետականությունը նրանց համար վտանգ է։
«Ձեզ համար պետականությունը վտանգ է, ՀՀ պետականությունը վտանգ է»,–ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Ընդդիմադիրները նախագիծ են ներկայացրել առաջարկելով՝ խստացնել ցեղասպանության ժխտման վերաբերյալ քրեական պատասխանատվությունը։
Վարդանյանը հետաքրքրվել է՝ ինչու պետականության դեմ վերբալ հարձակումների համար նախագիծ չեն ներկայացնում։
«Ինչքա՞ն կարելի է դուրս մնալ ժամանակից, մի հատ ինքնահայեցում է պետք անել, հասկանալու՝ ուր եք, որտեղ եք տեղավորվում։ ՀՀ-ն ապրում է իրական կյանքով, իրական քաղաքացիներով. դուք որտե՞ղ եք տեղավորվել»,– ընդգծել է պատգամավորը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր հերթին անդրադարձել է ընդդիմադիրների ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ՀՀ-ի կամ միջազգային մակարդակով ճանաչված ցեղասպանությունները և մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը կամ արդարացնելը։
Կոնջորյանը նշել է, որ ընդդիմությունը կրկին անկեղծ չէ, հայտնում է 1lurer.am-ը։
«Հիշում եմ, երբ նախագիծ էիք բերել Ղարաբաղի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու մասին, և այն ժամանակ էլ մեզ մեղադրում էիք, ասում էիք՝ բերել եք պաշտպանելու համար Ղարաբաղը։ Հետո ի՞նչ եղավ։ Ձեր ներկայացուցիչները գնացին, լուծարեցին Ղարաբաղը։ Հիմա նախագիծ եք բերել ցեղասպանության ժխտումն իբրև թե քրեականացնելու։ Պարզ է, չէ՞, թե ձեր նպատակը որն է»։
Կոնջորյանը հիշեցրել է վարչապետի ելույթներից մեկը, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ պետք է ունենալ ինքնահայեցում, պետք է նայել անցյալին, հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ, որի նպատակը պետք է լինի այն, որ չկրկնվեն սխալները, որոնք «բերել են աղետալի հանգրվանի»:
«Սա կոչվում է ինքնահայեցում: Ինձ թվում է, որ ընդդիմության ինքնահայեցման ֆունկցիան ինչ-որ մեկը hack է արել և կոտրել է, և ձեր ընդդիմության մեջ ինքնահայեցում չկա: Ու երբ մենք ասում ենք՝ եկեք ինքնահայեցում անենք, ասում եք՝ մի՛ րոպե, մեր ինքնությունը մեզանից ուզում են գողանալ»,- ասել է նա:
Նա հիշեցրել է նաև Հովհաննես Քաջազնունու «Հ.Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» գիրքը՝ մեջբերելով հատվածներ, որտեղ խոսվում է հայ ժողովրդի միամտության ու դրա հետևանքների մասին։
«Եվ ես, ավարտելով իմ ելույթը, ուզում եմ ասել՝ այո՛, 100 տարի անց կրկին Դաշնակցությունն անելիք չունի այլևս»,– եզրափակել է Կոնջորյանը։
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիրների՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը հակընդդեմ առաջարկ էր հնչեցրել։
«Առաջարկում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հայտարարեն, որ դուրս են գալիս քաղաքականությունից, որպես երկար տարիներ ՀՀ-ն կեղեքած կոռուպցիոն համակարգի հիմնադիրներ ու ղեկավարներ, նաև՝ ընտրակեղծարարներ։ Առաջարկում եմ, որ ՀՅԴ-ն ինքնալուծարվի, որովհետև դա մի կուսակցություն էր, որ 004 շրջաբերականով ֆիքսել է՝ նպատակն է ՀՀ անկախությունից հրաժարվելը»,-ասել է նա:






