AM
30 Սեպտեմբեր 2025 - 12:30 AMT

Սարգսյան․ Իմ նախագիծը տապալվել է Անդրանիկ Քոչարյանի ու ընդդիմության պատճառով

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու վերաբերյալ իր ներկայացրած նախագծին։ Նրա խոսքով՝ 2022–23 թթ. բանակ է զորակոչվել զորակոչի ենթակա անձանց ընդամենը 31.4 տոկոսը, իսկ մնացած մոտ 70 տոկոսը տարբեր պատճառներով չի անցել ծառայության։

Պատգամավորն ընդգծել է, որ իր առաջարկը հենց այս խնդիրը լուծելու նպատակ ուներ։ Սակայն նախաձեռնությունը տապալվել է ընդդիմությանև ՔՊ խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի դիրքորոշման պատճառով, հայտնում է «Փաստինֆոն»։

«Ես չեմ կիսում կարծիքը, որ իմ նախաձեռնությունը Հայաստանի բանակը աղքատների բանակ դարձնելն է։ Ես հարց եմ ուղղել պաշտպանության նախարարին, թե տարեկան քանի հոգի է դիմել ուսման նպատակով արտերկրում տարեկետում ստանալու համար, բայց պարզվել է, որ նման հաշվառում չկա։ Բայց հարուստները կարող են իրենց թույլ տալ, որ իրենց երեխան մեկնի Եվրոպա ու ԱՄՆ՝ ուսման, նաև մեծ թվով արական սեռի ներկայացուցիչներ հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից։ Իմ նախաձեռնությունը այս խնդիրը լուծելու համար էր։ Այս դեպքում 30-ի փոխարեն կզորակոչվի 60 տոկոսը»,– պարզաբանել է Սարգսյանը։

Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած միջադեպի մասին։

«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է ՔՊ վարչությանը 2024 թվականի մարտի 4-ին։ Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը։ Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու է իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում ներկայացրել»,– հայտարարել է Սարգսյանը: