AM
30 Սեպտեմբեր 2025 - 12:52 AMT

Գերգիևը հանդես կգա Մարիինյան և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նշվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը կնշանավորվի բացառիկ համերգաշարով։ Աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հոկտեմբերի 1-ին հանդես կգա Երևանում՝ մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 37 տարի անց կրկին կղեկավարի Գերգիևը։

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք առաջին համերգի ընթացքում կհնչեն Հարությունյանի «Տոնական նախերգանքը», Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը՝ ջութակահար Պավել Միլյուկովի մասնակցությամբ և Մալերի 4-րդ սիմֆոնիան՝ սոպրանո Աննա Դենիսովայի կատարմամբ։

Երկրորդ համերգի ծրագրում ընդգրկված են Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադեն», Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» և Ռավելի «Բոլերոն»։

Վալերի Գերգիևը մեր ժամանակների ամենահայտնի դիրիժորներից է և սերտ կապեր ունի Հայաստանի հետ։ Նա 1981–1985 թվականներին եղել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը՝ դառնալով նվագախմբի պատմության մեջ միակ ոչ հայազգի ղեկավարը։ Այդ տարիներին, միջազգային մրցույթներում հաջողության հասնելուց հետո, նրան հրավիրել էր ղեկավարելու նվագախումբը կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը։

Գերգիևի ղեկավարությամբ նվագախումբը հաճախ է ներկայացրել հայ կոմպոզիտորների՝ Խաչատրյանի, Սպենդիարյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Սարյանի, Տերտերյանի, Խաղողագործյանի ստեղծագործությունները։ Մաեստրոն հանդես է եկել հայ մեծանուն մենակատարների՝ Ռուբեն Ահարոնյանի, Սվետլանա Նավասարդյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց հետ։ Նա նաև Մարիինյան թատրոնի ղեկավար լինելու ընթացքում համագործակցությունը շարունակել է հայ արտիստների հետ՝ Գեղամ և Հասմիկ Գրիգորյանների, Գևորգ Հակոբյանի, Սերգեյ Խաչատրյանի, Նարեկ Հախնազարյանի և այլոց։

Գերգիևը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման համար։ Նրա ղեկավարության տարիներին Մարիինյան թատրոնը վերածվել է համաշխարհային մասշտաբի համերգաթատերական համալիրի։

Հայաստանյան այցերից մեկի ժամանակ մաեստրոն ասել է. «Հայաստան եմ եկել մեծ ուրախությամբ և հատուկ զգացումներով»։

Նա ընդգծել է, որ թե՛ Մարիինյան թատրոնում, թե՛ աշխարհի տարբեր բեմերում մշտապես հանդես են գալիս տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանը կարող է հպարտանալ։